Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին: Տուժածների մասին չի հաղորդվում:
Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Օրեն Մարմորշտեյնը Իրանին մեղադրել է բոլոր հավատքների քաղաքացիական անձանց թիրախավորելու համար, այն բանից հետո, երբ բալիստիկ հրթիռի բեկորն ընկել է Երուսաղեմի պարսպապատ Հին քաղաքի մոտ։
«Իրանական ռեժիմը թիրախավորում է Երուսաղեմի հին քաղաքի սրբավայրերը: Նրանք թիրախավորում են մուսուլմաններին, քրիստոնյաներին և հրեաներին: Եվ հիմնականում փորձում են այնպես անել, որ հնարավորինս շատ զոհ լինի խաղաղ բնակչության շրջանում: Ահա թե ինչ են նրանք անում», - ասել է նա:
Իրանի պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով ավելի քան 50 պատմական վայր է վնասվել:
Իրանի Արաք քաղաքում երկու մանկահասակ երեխա է սպանվել: Թեհրանի նահանգապետը հայտնել է, որ միայն մայրաքաղաքում 12 հազար շենք է վնասվել կամ ավերվել:
Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինն ասել է, որ հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային շտաբին, նաև թիրախավորում են «Բասիջ» ռազմականացված ուժի ենթակառուցվածքները:
«Թեհրանի կենտրոնում հարվածել և ոչնչացրել ենք արբանյակային հարձակման հնարավորությունների զարգացման կենտրոն, որը սպառնալիք էր Իսրայելի և ողջ աշխարհի տիեզերական ակտիվների և արբանյակների համար», - ասել է նա։
Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է, ինչի հետևանքով նավթը դեռ վաճառվում է ավելի քան 100 դոլարով մեկ բարելի դիմաց: Պարսից ծոցից արտահանվող նավթից կախում ունեցող երկրները տարբեր միջոցներ են ձեռնարկում:
Շրի Լանկան չորեքշաբթի օրերը պետական տոն է հայտարարել՝ վառելիք խնայելու համար: Թաիլանդը բանակցում է՝ ռուսական նավթը գնելու համար:
Ավստրալիան նավթի պահուստային պաշարներ է սկսել օգտագործել և բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճի մտավախությունների ֆոնին: Իրաքն էլ հայտարարել է, որ համաձայնության է եկել Իրանի հետ՝ նեղուցով իր նավթատար նավերի անցնելու վերաբերյալ։
Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշեց, որ մշտապես փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է:
«Պարբերաբար հնարավոր է լինում կապվել, բայց հիմնականում՝ ոչ», - նշեց նա՝ հավելելով, որ մարդիկ հիմնականում մնում են տներում՝ խուսափելով հրթիռներից և այլ հարվածներից:
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում անվտանգություն չի բերում: Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆն ասել է, որ անվտանգությունը պետք է հաստատեն տարածաշրջանի երկրները։
«Մերձավոր Արևելքի դեմքն ու կարգը կփոխվեն, բայց ոչ ԱՄՆ ծրագրերի համաձայն»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ ուժերը պետք է լքեն տարածաշրջանը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը երկար չի տևի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միևնույն ժամանակ հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, նա պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»:
Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ «խորը մտահոգություն» են հայտնել «Լիբանանում բռնության սրման կապակցությամբ»:
Նրանք կոչ են արել Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչներին կառուցողական փոխգործակցություն ծավալել՝ կայուն քաղաքական լուծում գտնելու համար:
««Հեզբոլայի» հարձակումները Իսրայելի և քաղաքացիական անձանց վրա պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն: Մենք դատապարտում ենք «Հեզբոլայի» որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, ինչն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը կործանարար հումանիտար հետևանքներ կունենա և կարող է երկարատև հակամարտության հանգեցնել. «Դա պետք է կանխել։ Լիբանանում հումանիտար իրավիճակը, ներառյալ բնակչության շարունակական զանգվածային տեղաշարժը, արդեն իսկ խորը տագնապ են առաջացնում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով: Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է Թրամփը՝ հավելելով՝ կարևոր է, որ ինքը հասանելի մնա պատերազմի ընթացքը վերահսկելու համար:
ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել արտերկրում գտնվող ամերիկացի դիվանագետներին դրդել դաշնակիցներին ահաբեկչական խմբավորումներ ճանաչել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու Լիբանանում տեղակայված «Հեզբոլան»: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին:
Հրահանգը, որը թվագրված է մարտի 16-ին և ստորագրվել Է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, ուղարկվել է ԱՄՆ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններին:
Հրթիռներ ու առնվազն հինգ անօդաչու թռչող սարքեր են արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քաղաքի շրջակայքից, Reuters-ին հայտնել են Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրները:
Ըստ նրանց՝ այս հարձակումն ամենախոշորն է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից ի վեր: