Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ սկսել են հարվածների լրացուցիչ ալիք «Հեզբոլայի» ենթակառուցվածքների դեմ Բեյրութում։
Նրանք նաև հայտնել են լայնածավալ հարվածների մասին «իրանական ռեժիմի ենթակառուցվածքների դեմ Թեհրանի ողջ տարածքում»:
ԱՄԷ-ի ՀՕՊ-ն այս պահին արձագանքում է Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Եվրոպական միությունը այսօր հայտարարեց Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրո (525 միլիոն դոլար) մարդասիրական օգնութուն հատկացնելու մասին՝ ի պատասխան տարածաշրջանում առկա հակամարտությունների, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի հետ և Իսրայելի ռազմական արշավը Լիբանանում։
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում: Այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
«Ես չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում է ընդունել կամ կարող է պատասխանատվություն ստանձնել Հորմուզի նեղուցի համար։ Եթե նման բան լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխան ձևով կքննարկեին այդ հարցը»,- ասել է Վադեֆուլը՝ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։
Իրանի հակամարտության թեմայով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար շփվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի և արաբական երկրների այլ առաջնորդների հետ։ Այս մասին այսօր գրել է The New York Times թերթը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ գահաժառանգ արքայազնը, կարծես, թե, խորհուրդ է տալիս Թրամփին շարունակել հարվածներ հասցնել Իրանին։
Թրամփը, ըստ պարբերարականի, նաև մշտական կապի մեջ է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
Իսրայելի հարվածները Իրանին
Ու մինչ Թրամփը փորձում է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, որտեղով բեռնափոխադրումները խաթարվել են պատերազմից հետո, Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարվածել են Թեհրանին, Խոմեյն քաղաքի տղաների դպրոցին, տուժածների մասին չի հաղորդվում:
Մարկազի նահանգում առնվազն հինգ մարդ է սպանվել հարվածներից: «Ամերիկայի ձայն»-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ՝ ամերիկյան կործանիչները հարվածել են Չաբահար քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին: Իսրայելի բանակը պնդում է, որ ոչնչացրել է Իրանի սպանված գերագույն առաջնորդի կողմից օգտագործված ինքնաթիռը:
ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամներն ԱՄՆ-ին չօգնեն՝ ապահովելու Հորմուզի նեղուցի անվտանգությունը, Իրանի դեմ պատերազմի 16-րդ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը` սպառնալով, որ ԱՄՆ-ն չի մոռանա դա:
Դոնալդ Թրամփն ասել է, որ հիմա յոթ երկրի հետ բանակցում է, որպեսզի իրանական ուժերից պաշտպանեն նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Նա նշել է, որ «հետաքրքիր կլինի տեսնել», թե որ երկրներն են իրականում օգնում ԱՄՆ-ին:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում գիշերը ոչնչացրել են Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից օգտագործված ինքնաթիռը։
Նշվում է, որ ինքնաթիռն օգտագործվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և ռազմական գործիչների կողմից՝ երկրի ներսում և միջազգային շրջագայությունների համար:
Այս օդանավակայանում տեղակայված են նաև ռազմաօդային ուժերի ակտիվները:
ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե եվրոպական կողմից ինչ կարելի է անել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
«Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, և այդ պատճառով մենք նաև քննարկում ենք, թե եվրոպական կողմից այս առումով ինչ կարող ենք անել», - Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Ես նրան կոչ արեցի անհապաղ դադարեցնել այն անընդունելի հարձակումները, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ իր դաշնակից ուժերի միջոցով»,- X-ում գրել է Մակրոնը, շարունակելով. «Ես նրան հիշեցրի, որ Ֆրանսիան գործում է խիստ պաշտպանողական շրջանակում, որը նպատակ ունի պաշտպանել իր շահերը, տարածաշրջանային գործընկերներին և նավարկության ազատությունը, և որ անընդունելի է, որ մեր երկիրը թիրախավորվում է»։