Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իրանում պատերազմը պետք է դադարեցվի, նախքան ամբողջ տարածաշրջանը «կրակի մեջ կհայտնվի»։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ռեջեփ Էրդողանը նշել է՝դա հնարավոր կլինի, եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի, հավելելով՝ Թուրքիան այդ հարցով համագործակցում է բոլոր կողմերի հետ։
«Եթե այս պատերազմը շարունակվի, կաճի ոչ միայն զոհերի ու ավերածությունների թիվը, այլև համաշխարհային տնտեսության կորուստները», - ասել է Էրդողանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահին, երախտագիտություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանը աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով Իրան ուղարկված մարդասիրական օգնության տեղափոխման պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է Բաքուն։
Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների արագ դադարեցման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր դատապարտել է Իրանի դեմ պատերազմի առաջին օրը օրիորդաց դպրոցին հասցված մահացու հրթիռային հարվածը՝ կոչ անելով բացահայտել մեղավորներին։
«Կառավարության անունից ես վճռականորեն դատապարտում եմ աղջիկների կոտորածը Մինաբ քաղաքում», - Սենատում ասել է ծայրահեղ աջ առաջնորդը։
Մելոնին այսօր հայտարարել է նաև, թե չի կարելի թույլ տալ, որպեսզի Իրանը ձեռք բերի միջուկային զենք՝ հրթիռային կարողությունների հետ մեկտեղ, ինչը շուտով կարող է հնարավորություն տալ նրան հարվածել Եվրոպային։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այաթոլլայի ռեժիմը ունենա միջուկային զենք՝ զուգորդված հրթիռային կարողություններով, որոնք շուտով կարող են ուղղակիորեն հարվածել Իտալիային և Եվրոպային», - ասել է Իտալիայի վարչապետը։
Դուբայի օդանավակայանի մերձակայքում ՀՕՊ-ը երկու անօդաչու սարք է խոցել, ինչի հետևանքով չորս մարդ է վիրավորվել, X-ում հայտնել է Դուբայի կառավարությունը։
Թեթև վնասվածքներ են ստացել Գանայի երկու քաղաքացի և Բանգլադեշի մեկ քաղաքացի, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի ստացել է միջին ծանրության վնասվածք։
Օդային երթևեկությունն իրականացվում է բնականոն ռեժիմով, հայտնում են կառավարությունից։
Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO), որը բրիտանական ռազմածովային համակարգող կառույց է և հետևում է առևտրային նավերի անվտանգության սպառնալիքներին, նախազգուշացում է տարածել՝ հայտնելով, որ Հորմուզի նեղուցի մոտ «կասկածելի, սակայն դեռևս չպարզված արկից վնասվել է կոնտեյներային նավ»։
Կենտրոնը նաև նշել է, որ «անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, և նրանց գտնվելու վայրը հայտնի է»։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, չնայած պատերազմի ընթացքում ստացած վնասվածքներին, «ողջ ու առողջ է», հայտարարել է կառավարության խորհրդական, նախագահի որդի Յուսեֆ Փեզեշքիանը։
Նա տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Խամենեիի վիրավորվելու մասին լուրերից հետո ճշտել է այդ տեղեկությունները և պատասխան ստացել, որ նա առողջ է։
Ավելի վաղ իրանական պետական հեռուստատեսությունը Խամենեիին անվանել էր «Ռամադանի պատերազմի վիրավոր վետերան», սակայն չէր հստակեցրել, թե ինչ վնասվածք է ստացել։
New York Times-ի հաղորդմամբ՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի մոտ հարվածել և ոչնչացրել են ականներ տեղադրող 16 իրանական նավ։ CNN-ը, հղում անելով հետախուզական աղբյուրներին, հայտնել է, որ վերջին օրերին Իրանը նեղուցում տեղադրել է մի քանի տասնյակ ական և կարող է տեղադրել ևս հարյուրավորներ։
Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդը, և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն, տարածաշրջանից «նույնիսկ մեկ լիտր նավթ» դուրս չի գա։
Իրանի ոստիկանապետ Ահմադ-Ռեզա Ռադանը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ով «թշնամու կոչով» փողոց դուրս գա, կդիտվի ոչ թե որպես ցուցարար, այլ որպես թշնամի։ Նրա խոսքով՝ ուժայինները պատրաստ են «թշնամու պես» վարվել նման մարդկանց հետ, իսկ անվտանգության ուժերը շուրջօրյա գտնվում են փողոցներում։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին թե՛ Դոնալդ Թրամփը, թե՛ Բենիամին Նեթանյահուն իրանցիներին կոչ էին անում դուրս գալ փողոց և տապալել իշխանություններին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ առնվազն երկու հրթիռ է արձակվել Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ։
«Արիֆջան ամերիկյան բազային հարված է հասցվել ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրթիռային ստորաբաժանման կողմից արձակված 2 հրթիռով», - ըստ Fars-ի և Mehr-ի՝ հայտարարել են պահապանները՝ նկատի ունենալով Քուվեյթ քաղաքի հարավում գտնվող Քեմփ Արիֆջան բազան։
Քուվեյթի իշխանությունները մինչ այժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։
Իրանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր սկսել է Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների վրա «ամենաինտենսիվ» և զանգվածային հարձակումը:
«Մեր նպատակները շատ հստակ են, և մենք հասնում ենք այդ նպատակների իրագործմանը»,- մեկնաբանելով Իրանի դեմ ընթացող պատերազմը՝ այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Առաջին հերթին մենք ոչնչացնում ենք իրանցիների հրթիռային զորանոցը և այդ հրթիռների արձակման համար օգտագործվող հարթակները։ Երկրորդը՝ մենք ոչնչացնում ենք նրանց ռազմածովային ուժերը», - ասել է նա։
Երրորդ նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման բացառումն է, հայտարարել է Հեգսեթը՝ հավելելով. «Մենք հաղթում ենք»։