ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկերներին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ապահովագրական և ֆինանսական երաշխիքներ տրամադրել Պարսից ծոցում ծովային առևտրի համար։
Նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի ուժերը հարվածներ են հասցրել Իրանին։ Brent տեսակի նավթը թանկացել է առնվազն 13 տոկոսով՝ հասնելով 82 դոլարի:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուժեղացրել է երկրի սահմանների պաշտպանությունը Լիբանանի և Իրաքի հետ՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։
Սահմանային շրջաններ են տեղափոխվել հրթիռային ստորաբաժանումներ և հազարավոր զինծառայողներ, հայտնում են Reuters-ի աղբյուրները։
Սիրիական զինվորականների խոսքով՝ այդպես նպատակ ունեն կանխել զենքի և թմրանյութերի մաքսանենգությունը, ինչպես նաև թույլ չտալ, որ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի կամ այլ զինյալ խմբավորումների անդամները ներթափանցեն Սիրիա։
Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել է երեխաների նկատմամբ բռնությունը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում, որը տեղի է ունեցել, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը թիրախավորել են Իրանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Իրանում և ամբողջ տարածաշրջանում ռազմական գործողությունները կործանարար են և լուրջ սպառնալիք են ներկայացնում երեխաների համար», - ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրությունում։
«Քաղաքացիական բնակչության, դպրոցների և հիվանդանոցների վրա չպետք է հարձակվել։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրելու վախից զերծ»,- նշվում է հաղորդագրությունում։
Իրանում այսօր հուղարկավորվել են Իրանի հարավային Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զոհված 165 դպրոցական աղջիկներն ու դպրոցի աշխատակիցները։
Շաբաթ սկսված պատերազմի ընթացքում դա մինչ օրս տեղի ունեցած ամենամահաբեր միջադեպն էր։
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ Բեն Գուրիոն օդանավակայանը հինգշաբթի օրը կվերաբացվի սահմանափակ թվով մուտքային չվերթների համար, որպեսզի սպասարկեն արտասահմանում մնացած քաղաքացիներին տուն վերադարձնող չվերթները։
Ավելի վաղ այսօր Հորդանանը հայտարարել էր, որ բացելու է իր օդային տարածքը։ Սակայն Մերձավոր Արևելքում շարունակում են գործել օդային տարածքի մեծածավալ սահմանափակումներ, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ուղևորներ մնացել են ճանապարհին։
Իրանի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի որոշ պատմական վայրերի, այդ թվում՝ Գոլեսթան պալատի և Թեհրանի հայտնի Մեծ շուկայի վրա ռմբակոծությունների ազդեցության վերաբերյալ։
16-րդ դարից ի վեր կառուցված Գոլեսթան պալատը նաև Ղաջարների դինաստիայի նախկին արքունիքն ու նստավայրն էր։
Իսրայելական բանակը հայտարարում է, որ Թեհրանի վրա հարվածի ժամանակ սպանել է Իրանի «Ղոդս» ուժերի լիբանանյան ստորաբաժանման հրամանատարի պարտականությունները կատարողին։
Զինվորականների խոսքով՝ Դաուդ Ալի Զադան Լիբանանում իրանական գործունեության համար պատասխանատու ամենաբարձրաստիճան իրանցի հրամանատարն էր։ Լիբանանյան կորպուսը կապող օղակ է «Հեզբոլա»-ի ղեկավարության և Իրանի միջև, հավելել է նա։
Իրանի «Ղոդս» ուժերը կենտրոնանում են Իրանի տարածքից դուրս հատուկ գործողությունների վրա։
«Հեզբալա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, մինչդեռ ԵՄ-ն նրա միայն զինված թևն է ահաբեկչական ճանաչել, ոչ քաղաքական կառույցը:
Գերմանիան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները, սակայն հույս ունի, որ այն շուտով կավարտվի, քանզի պատերազմը վնասում է համաշխարհային տնտեսությանը, Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ասել է Գերմանիային կանցլերը։
«Սա, իհարկե, վնասում է մեր տնտեսություններին», - լրագրողներին ասել է Ֆրիդրիխ Մերցը։
«Ասածս վերաբերում է նավթի և գազի գներին։ Ահա թե ինչու մենք բոլորս հույս ունենք, որ այս պատերազմը կավարտվի որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Լավրովը «հաստատել է իրավիճակի լիցքաթափման և ուժի կիրառման մերժման օգտին իր սկզբունքային դիրքորոշումը», ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Լավրովը նաև ընդգծել է «տարածաշրջանի բոլոր երկրներում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու» անհրաժեշտությունը։
Լիբանանի կառավարության աղետների և կառավարման ստորաբաժանման տվյալներով՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների պատճառով ավելի քան 58 հազար մարդ է տեղահանվել, ինչը կրկնակի ավելի է, քան երեկ հաղորդված թիվը։
Երկրով մեկ տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։
Իսրայելը պնդում է, որ հարձակումները պատասխան են Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին՝ ի նշան ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանի գերագույն առաջնորդի սպանության դեմ բողոքի։