Մերձավոր Արևելքում իրավիճակը լիցքաթափելու համար դեռ կան ուղիներ, հայտարարել է Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին՝ կոչ անելով անմիջապես հրադադար հաստատել։
«Օմանը վերահաստատում է իր կոչը՝ անհապաղ հրադադարի և տարածաշրջանային պատասխանատու դիվանագիտությանը վերադառնալու վերաբերյալ: Կան հասանելի ուղիներ: Եկեք օգտագործենք դրանք»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը:
Պատերազմից առաջ հենց Օմանի միջնորդությամբ էին ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ անցկացվում։
Միացյալ Նահանգները պլանավորում է դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրը, այն բանից հետո, երբ այս երկիրը հրաժարվեց թույլ տալ ԱՄՆ զինված ուժերին օգտագործել իր բազաները Իրանի վրա հարվածների համար, հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին ասել է «դադարեցնել բոլոր գործարքները» Իսպանիայի հետ։
«Մենք պատրաստվում ենք դադարեցնել Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը։ Մենք չենք ուզում որևէ առնչություն ունենալ Իսպանիայի հետ», - ասել է Թրամփը։
Նա նաև քննադատել է Միացյալ Թագավորությանը, որը ևս ԱՄՆ-ին թույլ չէր տվել օգտագործել իր բազաները։
Միացյալ Նահանգները ռազմական և չարտերային չվերթներ է կազմակերպում Մերձավոր Արևելքից ամերիկացիներին տարհանելու համար: Այս մասին երեքշաբթի X սոցկայքում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ գերատեսչությունը կապ է պահպանում ԱՄՆ գրեթե 3 հազար քաղաքացիների հետ:
Իսրայելում ամերիկյան իշխանությունները կապ են պահպանում երկրից հեռանալ ցանկացող մոտ 500 ամերիկացիների հետ, ասվում է Պետդեպարտամենտի առանձին հայտարարության մեջ: Ավելի քան 130 քաղաքացի արդեն մեկնել է, ևս 100-ը պետք է երեքշաբթի օրը լքեն երկիրը:
Կատարը «չի մասնակցել Իրանի դեմ արշավին», հայտարարել է երկրի Aրտգործնախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին։
«Մենք իրականացնում ենք ինքնապաշտպանության մեր իրավունքը և զսպում ենք Իրանի հարձակումները մեր երկրի դեմ։ Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին Կատարի մասին հաղորդումներ անելիս օգտագործել կատարական հավաստի աղբյուրներ»,- սոցցանցում գրել է նա։
Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն ու Իսրայելը լուրջ հաջողություններ ունեն, հայտարարել է ԱՄՆ նախագահը։
«Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում», - Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանն ասել է Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան լրագրողի հարցի։
«Նրանք նավատորմ չունեն, այն ջախջախվել է։ Նրանք ռազմաօդային ուժեր չունեն, այն ջախջախվել է։ Նրանք օդային հայտնաբերման համակարգ չունեն, դա ջախջախվել է», - շեշտել է նա։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Նոել Բարոյի հետ խոսել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին: Հաղորդվում է, որ նրանք մտքեր են փոխանակել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
Երեքշաբթի իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Նաթանզում միջուկային օբյեկտում ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել:
ՄԱԿ-ում միջուկային գործունեության վերահսկման կազմակերպությունում Իրանի դեսպանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ օբյեկտին միջուկային հարված է հասցվել իր երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում:
Ականատեսները Reuters-ին պատմել են, որ Աբու Դաբիում և Դուբայում ուժեղ պայթյունների ձայներ են լսվում:
Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանում ավելի քան 1700 թիրախների: Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տեղեկագրում ասվում է, որ շաբաթ օրը սկսված հարվածները հասցվել են Իրանի ռազմածովային ուժերի նավերին, սուզանավերին և հականավային հրթիռների օբյեկտներին, ինչպես նաև հրամանատարական կենտրոններին և ղեկավարությանը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը մարտի 3-ին պնդել է, որ «Օմանի տարածքի և նավահանգիստների դեմ որևէ հարձակում չի իրականացրել»։
Պաշտոնական Օմանի լրատվական գործակալությունը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հայտարարել է, որ Դուկմի առևտրային նավահանգստում մի քանի բաքեր թիրախավորվել են անօդաչու թռչող սարքերի կողմից, և առնվազն մեկ ԱԹՍ հարվածել է վառելիքի բաքին։
Նավահանգիստը նախկինում ևս ենթարկվել էր անօդաչու հարձակման՝ մարտի 1-ին։ Թեև Իրանը պաշտոնապես չէր ստանձնել առաջին հարձակման պատասխանատվությունը, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված մեկնաբանություններում ակնարկել էր, որ դրա հետևում կանգնած է Թեհրանը։
«Օմանում տեղի ունեցածը մեր ընտրությունը չէր։ Մենք արդեն ասել ենք մեր զինված ուժերին՝ զգույշ լինել իրենց ընտրած թիրախների հարցում», - ասել էր Արաղչին՝ հավելելով, որ Իրանի բանակը գործում է ընդհանուր հրահանգների շրջանակում։