ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող հարվածների հետևանքով իրանցի 48 «առաջնորդ» է սպանվել։
«Ոչ ոք չի կարողանում հավատալ այն հաջողությանը, որ մենք ունենք։ 48 առաջնորդներ միանգամից սպանվեցին։ Եվ ամեն ինչ արագ է ընթանում», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփը։
«Մենք մեր աշխատանքն անում ենք ոչ միայն մեզ համար, այլև աշխարհի։ Եվ ամեն ինչ ժամանակացույցից առաջ է», - CNBC-ին տված հարցազրույցում էլ ասել է Թրամփը, - «Իրադարձությունները հիմա շատ դրական ձևով են զարգանում, շատ դրական»։
Հարցազրույցները ձայնագրվել են նախքան ԱՄՆ զինված ուժերն առաջին անգամ հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կողմը ևս կորուստներ է կրել՝ երեք զոհ, հինգ ծանր վիրավոր, ևս մի քանի թեթև վիրավոր։
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին մոտ գտնվող Մեհրան քաղաքում սահմանային գնդի շտաբ-բնակարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի ավելի քան 40 անդամ։
«Այս հարձակումը, որն ուղեկցվել է ռմբակոծությամբ, ցավոք սրտի հանգեցրեց 43 անվտանգության աշխատակիցների նահատակության, որոնց մեծ մասը սահմանապահներ էին, և մոտակա շենքերի որոշ հատվածներ նույնպես լուրջ վնասներ են կրել», - հայտնել է Mehr-ը։
Իրանական գործակալությունը նշել է, որ նախնական տեղեկություններով՝ հարվածը հասցրել են ԱՄՆ-ն և Իսրայելը։
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «հրահանգներ է տրել Իրանի դեմ արշավը շարունակելու» համար՝ պաշտպանության նախարարի, շտաբի պետի և Ազգային անվտանգության ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավարի հետ հանդիպմանը։
«Մեր ուժերը այժմ ավելի ու ավելի են հարվածում Թեհրանի սրտին, և դա առաջիկա օրերին միայն ավելի կուժեղանա», - Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնակայանի («Կիրյա») շենքի տանիքից հղած ուղերձում ասել է Բենյամին Նեթանյահուն։
«Այնուամենայնիվ, սրանք ցավոտ օրեր են։ Երեկ այստեղ՝ Թել Ավիվում, իսկ հիմա՝ Բեյթ Շեմեշում, մենք կորցրինք սիրելի մարդկանց։ Իմ սիրտը նրանց ընտանիքների հետ է, և ձեր բոլորի՝ Իսրայելի քաղաքացիների անունից վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում», - ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն օգտագործում է Պաշտպանության բանակի ամբողջ ներուժը՝ «մեր գոյությունն ու ապագան ապահովելու» համար։
Իրանի նախկին թագաժառանգ և վերջին շահի որդի Ռեզա Փահլավին X-ում գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդի մահը «վերջը» չէ։ Նա միաժամանակ կոչ է արել իրանցիներին «տապալել» Իսլամական Հանրապետությունը։
Փահլավին նշել է, որ իրանցիները պետք է պատրաստվեն «փողոցներում լայնածավալ և վճռական ներկայության», և խնդրել է նրանց գիշերը տներից վանկարկել։
Փահլավին նախկինում կոչ էր արել իրանցի պաշտոնյաներին «հանձնվել», իսկ զինվորականներին և իրավապահ մարմիններին՝ օգտագործել իրենց զենքը՝ «պաշտպանելու Իրանի մեծ ազգը», այլ ոչ թե «հանցավոր հանրապետությունը»՝ այդ «մղձավանջին» ավելի արագ վերջ դնելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանի գործընկեր Բադր ալ -Բուսայիդիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Թեհրանը բաց է հանգստյան օրերին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո դեէսկալացիայի շուրջ ցանկացած լուրջ ջանքերի համար: Ասվում է Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը:
Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաընկերությանն ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ «ժամկետի առումով առաջ են»:
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի մահվան կապակցությամբ Պակիստանում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:
Ցուցարարները փորձել էին ներխուժել Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենք Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է այաթոլլա Ալի Խամենեին: Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին:
Աբու Դաբիի ռազմածովային բազայի վրա, որտեղ տեղակայված են ֆրանսիական զորքերը, իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհի պատճառ է դարձել, սակայն զոհեր չկան, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Մասնագիտացված խմբերն այսօր արձագանքել են Աբու Դաբիի «Ալ Սալամ» ռազմածովային բազայի պահեստի վրա իրանական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած միջադեպին։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ընդհանուր տեսակի նյութերով լի երկու կոնտեյներներում, սակայն զոհեր չկան»,- ասվում է հայտարարությունում։
Բազան, որը հայտնի է նաև որպես Camp de la Paix (Խաղաղության ճամբար), էմիրաթական է, բայց այնտեղ տեղակայված են ֆրանսիական զորքեր՝ ԱՄԷ-ի հրավերով։ Ֆրանսիական զինվորականները հրաժարվել են մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները։
ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, որ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակրի վրա իրանական հրթիռային հարձակումը չի ազդել, այն շարունակում է իր աշխատանքը:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանի մայրաքաղաքին։
«Ռազմաօդային ուժերը սկսել են հարվածների նոր ալիք Թեհրանի սրտում»,- հայտարարել է գերատեսչությունը X-ի իր էջում։