Մատչելիության հղումներ

եթերում Հաղորդվում է Իրանում, Լիբանանում և Իսրայելում նոր հարձակումների մասին

Գլխավորը՝ համառոտ

20:39 1.3.2026

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «հրահանգներ է տրել Իրանի դեմ արշավը շարունակելու» համար՝ պաշտպանության նախարարի, շտաբի պետի և Ազգային անվտանգության ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավարի հետ հանդիպմանը։

«Մեր ուժերը այժմ ավելի ու ավելի են հարվածում Թեհրանի սրտին, և դա առաջիկա օրերին միայն ավելի կուժեղանա», - Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնակայանի («Կիրյա») շենքի տանիքից հղած ուղերձում ասել է Բենյամին Նեթանյահուն։

«Այնուամենայնիվ, սրանք ցավոտ օրեր են։ Երեկ այստեղ՝ Թել Ավիվում, իսկ հիմա՝ Բեյթ Շեմեշում, մենք կորցրինք սիրելի մարդկանց։ Իմ սիրտը նրանց ընտանիքների հետ է, և ձեր բոլորի՝ Իսրայելի քաղաքացիների անունից վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում», - ասել է նա։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն օգտագործում է Պաշտպանության բանակի ամբողջ ներուժը՝ «մեր գոյությունն ու ապագան ապահովելու» համար։

20:15 1.3.2026
Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավի, արխիվ
Իրանի նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավի, արխիվ

Իրանի նախկին թագաժառանգ և վերջին շահի որդի Ռեզա Փահլավին X-ում գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդի մահը «վերջը» չէ։ Նա միաժամանակ կոչ է արել իրանցիներին «տապալել» Իսլամական Հանրապետությունը։

Փահլավին նշել է, որ իրանցիները պետք է պատրաստվեն «փողոցներում լայնածավալ և վճռական ներկայության», և խնդրել է նրանց գիշերը տներից վանկարկել։

Փահլավին նախկինում կոչ էր արել իրանցի պաշտոնյաներին «հանձնվել», իսկ զինվորականներին և իրավապահ մարմիններին՝ օգտագործել իրենց զենքը՝ «պաշտպանելու Իրանի մեծ ազգը», այլ ոչ թե «հանցավոր հանրապետությունը»՝ այդ «մղձավանջին» ավելի արագ վերջ դնելու համար։

19:59 1.3.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանի գործընկեր Բադր ալ -Բուսայիդիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Թեհրանը բաց է հանգստյան օրերին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո դեէսկալացիայի շուրջ ցանկացած լուրջ ջանքերի համար: Ասվում է Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը:

Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում։

19:56 1.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաընկերությանն ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ «ժամկետի առումով առաջ են»:

19:51 1.3.2026

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի մահվան կապակցությամբ Պակիստանում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:

Ցուցարարները փորձել էին ներխուժել Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենք Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է այաթոլլա Ալի Խամենեին: Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին:

19:36 1.3.2026

Աբու Դաբիի ռազմածովային բազայի վրա, որտեղ տեղակայված են ֆրանսիական զորքերը, իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհի պատճառ է դարձել, սակայն զոհեր չկան, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Մասնագիտացված խմբերն այսօր արձագանքել են Աբու Դաբիի «Ալ Սալամ» ռազմածովային բազայի պահեստի վրա իրանական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած միջադեպին։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ընդհանուր տեսակի նյութերով լի երկու կոնտեյներներում, սակայն զոհեր չկան»,- ասվում է հայտարարությունում։

Բազան, որը հայտնի է նաև որպես Camp de la Paix (Խաղաղության ճամբար), էմիրաթական է, բայց այնտեղ տեղակայված են ֆրանսիական զորքեր՝ ԱՄԷ-ի հրավերով։ Ֆրանսիական զինվորականները հրաժարվել են մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները։

19:34 1.3.2026

ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, որ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակրի վրա իրանական հրթիռային հարձակումը չի ազդել, այն շարունակում է իր աշխատանքը:

19:32 1.3.2026

Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանի մայրաքաղաքին։

«Ռազմաօդային ուժերը սկսել են հարվածների նոր ալիք Թեհրանի սրտում»,- հայտարարել է գերատեսչությունը X-ի իր էջում։

19:30 1.3.2026

Կիրակի առավոտից ի վեր Իրանի դեմ իրականացվող «Էպիկական զայրույթ» մարտական գործողությունների ժամանակ զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, ևս հինգը «ծանր վիրավորվել են», հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

19:27 1.3.2026

Իրանի Մինաբի նահանգում օրիորդաց դպրոցի վրա երեկ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով 153 մարդ է զոհվել, հաղորդում է Իրանի դատական համակարգին կից Mizan լրատվական գործակալությունը՝ իրանցի պաշտոնյայի հղումով։

Մեկ այլ իրանցի պաշտոնյա ավելի վաղ ասել էր, որ դպրոցին, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայից մոտ 600 մետր հեռավորության վրա, երեք հրթիռ է հարվածել։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն ասել է, որ «տեղյակ չէ» տարածքում որևէ գործողության մասին։ «Ես նաև տեսել եմ, թե ինչպես են ամերիկացիներն ասում, որ իրենք ստուգում են միջադեպը», - հավելել է նա։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG