Իրանի նախկին թագաժառանգ և վերջին շահի որդի Ռեզա Փահլավին X-ում գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդի մահը «վերջը» չէ։ Նա միաժամանակ կոչ է արել իրանցիներին «տապալել» Իսլամական Հանրապետությունը։
Փահլավին նշել է, որ իրանցիները պետք է պատրաստվեն «փողոցներում լայնածավալ և վճռական ներկայության», և խնդրել է նրանց գիշերը տներից վանկարկել։
Փահլավին նախկինում կոչ էր արել իրանցի պաշտոնյաներին «հանձնվել», իսկ զինվորականներին և իրավապահ մարմիններին՝ օգտագործել իրենց զենքը՝ «պաշտպանելու Իրանի մեծ ազգը», այլ ոչ թե «հանցավոր հանրապետությունը»՝ այդ «մղձավանջին» ավելի արագ վերջ դնելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանի գործընկեր Բադր ալ -Բուսայիդիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Թեհրանը բաց է հանգստյան օրերին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո դեէսկալացիայի շուրջ ցանկացած լուրջ ջանքերի համար: Ասվում է Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը:
Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաընկերությանն ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ «ժամկետի առումով առաջ են»:
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի մահվան կապակցությամբ Պակիստանում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:
Ցուցարարները փորձել էին ներխուժել Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենք Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է այաթոլլա Ալի Խամենեին: Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին:
Աբու Դաբիի ռազմածովային բազայի վրա, որտեղ տեղակայված են ֆրանսիական զորքերը, իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհի պատճառ է դարձել, սակայն զոհեր չկան, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Մասնագիտացված խմբերն այսօր արձագանքել են Աբու Դաբիի «Ալ Սալամ» ռազմածովային բազայի պահեստի վրա իրանական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած միջադեպին։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ընդհանուր տեսակի նյութերով լի երկու կոնտեյներներում, սակայն զոհեր չկան»,- ասվում է հայտարարությունում։
Բազան, որը հայտնի է նաև որպես Camp de la Paix (Խաղաղության ճամբար), էմիրաթական է, բայց այնտեղ տեղակայված են ֆրանսիական զորքեր՝ ԱՄԷ-ի հրավերով։ Ֆրանսիական զինվորականները հրաժարվել են մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները։
ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, որ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակրի վրա իրանական հրթիռային հարձակումը չի ազդել, այն շարունակում է իր աշխատանքը:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանի մայրաքաղաքին։
«Ռազմաօդային ուժերը սկսել են հարվածների նոր ալիք Թեհրանի սրտում»,- հայտարարել է գերատեսչությունը X-ի իր էջում։
Կիրակի առավոտից ի վեր Իրանի դեմ իրականացվող «Էպիկական զայրույթ» մարտական գործողությունների ժամանակ զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, ևս հինգը «ծանր վիրավորվել են», հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Իրանի Մինաբի նահանգում օրիորդաց դպրոցի վրա երեկ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով 153 մարդ է զոհվել, հաղորդում է Իրանի դատական համակարգին կից Mizan լրատվական գործակալությունը՝ իրանցի պաշտոնյայի հղումով։
Մեկ այլ իրանցի պաշտոնյա ավելի վաղ ասել էր, որ դպրոցին, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայից մոտ 600 մետր հեռավորության վրա, երեք հրթիռ է հարվածել։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն ասել է, որ «տեղյակ չէ» տարածքում որևէ գործողության մասին։ «Ես նաև տեսել եմ, թե ինչպես են ամերիկացիներն ասում, որ իրենք ստուգում են միջադեպը», - հավելել է նա։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում իր ուժերը հարվածել են իրանական նավի:
««Ջամարան» դասի կորվետը «ներկայումս խորտակվում է Օմանի ծոցի հատակը՝ Չահ Բահարի նավահանգստում»,- ասվում է հրամանատարության X-ի էջում հրապարակված հայտարարությունում։