Իրանի վրա սկսված ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը «պայմաններ կստեղծի, որ Իրանի խիզախ ժողովուրդն իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի», հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ Թել Ավիվն ու Վաշինգտոնը ցանկանում են, որ բռնապետության լուծը հանվի Իրանից:
Նա նշել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ի գործողությունը նպատակ ունի վերացնել Իրանի ահաբեկչական ռեժիմի կողմից առաջադրված գոյաբանական սպառնալիքը։
Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ փակել է ազգային օդային տարածքը:
Միացյալ Նահանգները ծրագրում է մի քանի օր հարվածներ հասցնել Իրանին, հայտնում է CNN-ը ՝ հղում անելով երկու աղբյուրի:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Դրանցից վերջինը տեղի է ունեցել հինգշաբթի օրը և հաջողությամբ չի պսակվել։
«Իրանը հրաժարվել է, ինչպես և տասնամյակներ շարունակ։ Նրանք մերժել են իրենց միջուկային հավակնություններից հրաժարվելու ցանկացած հնարավորություն, և մենք այլևս չենք կարող դրա հետ հաշտվել», - հայտարարել է Թրամփը։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ ուշացումներ են նախատեսված Դուբայից, Աբու Դաբիից և Քուվեյթից մեկնող և ժամանող թռիչքների համար:
Քուվեյթի ավիացիոն վարչությունը մինչև հետագա ծանուցումը դադարեցրել է դեպի Իրան բոլոր թռիչքները:
ԱՄՆ նախագահը քիչ առաջ հայտարարել է, որ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանում:
«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները», - ասել է նա իր տեսաուղերձում:
Այսօր առավոտյան Իսրայելը հայտնեց, որ հարվածել է Իրանին:
Պայթյուններ են հնչել երկրի տարբեր հատվածներում:
Թրամփը շեշտել է՝ իրանական ռեժիմը շատ դաժան, սարսափելի մարդկանց չար խումբ է:
Նա կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը՝ խոստանալով, որ նրանց հետ կվարվեն արդարացիորեն և լիակատար անձեռնմխելիությամբ, իսկ հակառակ դեպքում նրանց մահ է սպառնում:
Թեհրանը պատրաստվում է պատասխան գործողությունների, և պատասխանը ջախջախիչ կլինի: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել Է իրանցի պաշտոնյան:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում չէ, նա տեղափոխվել է անվտանգ վայր: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան:
Իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է նաև Սպահանում, Կումայում և Լուրեստանում հնչած պայթյունների մասին:
Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյունները լսվել են նաև Քարաջում և Քերմանշահում: