Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ ուրբաթ օրը տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Գերատեսչության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, Արտակարգ դրության սահմանման և Ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:
Արդարադատության նախարարն ավելի վաղ վերահաստատել էր՝ նոր Սահմանադրության տեքստն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտ ամսին: Իսկ թե արդյոք Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ևս կհասցնի այդ ժամկետում քննարկել և հաստատել այդ նոր տեքստը, նախարարը հայտնել էր.
«Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի ու դա երբևէ չի ենթադրել, որ խորհուրդը հաստատած կլինի տեքստը: Խորհրդի հետ քննարկումները կփորձենք կազմակերպել այնպես, իհարկե, որ քվեարկությունը լինի տեքստի հետ կապված, բայց եթե չլինի, հոգ չէ, մենք խորհրդում աշխատանքները միանշանակ կշարունակենք ու կամփոփենք», - ասել է Սրբուհի Գալյանը:
Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով՝ դա իր քաղաքական դիրքորոշումն է:
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա Բաքվի գնահատմամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:
Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում: