Մատչելիության հղումներ

«Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, որովհետև հայտնի դարձավ, որ երկքաղաքացի էր». Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ
Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ

«Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, որովհետև հայտնի դարձավ, որ ինքը փաստորեն երկքաղաքացի է եղել և հետևաբար եթե սկզբից հայտնի լիներ, որ ինքը երկքաղաքացի է, ինքը չէր կարող ընտրվել նախագահ», - այսօր հայտարարեց ԱԺ փոխանախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախագահ էր ընտրվել 2018 -ին, հրաժարական տվել 2022 -ի հունվարին: Իր հրաժարականը, սակայն, նա բացատրել էր ոչ թե երկքաղաքացի լինելու, այսինքն օրենքի խախտմամբ նախագահ ընտրվելու պատճառով, այլ որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Արմեն Սարգսյանի հրաժարականի հենց հաջորդ օրը «Հետքը» գրեց, որ Սարգսյանի հրաժարականի պատճառը մեկն է՝ նա, ՀՀ քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: Ըստ հետաքննող պարբերականի, Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու գործը Ազգային անվտանգության ծառայությունից դեռևս 2023-ին ուղարկվել էր Քննչական կոմիտե, որտեղ էլ նախաքննություն էր իրականացվում։ Քննչական կոմիտե ուղարկված գործը հարուցվել էր Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին ավելի քան 50 փաստաբանների բողոքի հիման վրա։

Քննչականից փոխանցեցին, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության գործի քննությունը չի ավարտվել, դեռ նախաքննության փուլում է:


XS
SM
MD
LG