11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքից մինչև միջուկային ոլորտի համագործակցություն, խոստացավ Հայաստան եկած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Էլ ի՞նչ արեց ու ասաց ԱՄՆ փոխնախագահը 24 ժամում Երևանում:
Վենսը եկել էր ընտանիքով: Առանձին Փաշինյանի հետ խոսեց: Ստորագրեցին համաձայնագիր: Երեկ առավոտյան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց:
Վենսը երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ միակ փոխնախագահն է ու ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան և հպարտ է այդ առիթով:
Թարգմանության վրիպակի պատճառով որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե նա խոստացել է ամերիկյան 9 մլրդ դոլարի ներդրումներ. դա այդպես չէ, ու խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է:
Վենսն ու Փաշինյանը ստորագրել են միջուկային ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին համաձայնագիր: Սա նշանակում է՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում գործակցություն ամերիկացիների հետ, որով Հայաստանը հնարավորություն կստանա Ամերիկայից տեխնոլոգիաներ գնել: Եթե ուղիղ ու առանց թարգմանության մեջբերենք Վենսին, երբ վերջնական հաստատում լինի, կստացվի «մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»:
Թե կոնկրետ ինչ է գնվելու, երբ և ինչի համար, Վենսը չհստակեցրեց, բայց հայտնի է, որ Երևանը բանակցում է Վաշինգտոնի հետ մոդուլային ատոմակայանի կառուցման հարցով։
ԱՄՆ փոխնախագահը նաև TRIPP-ից խոսեց, ասելով՝ այն բացելու է առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի մի նոր աշխարհ այս տարածաշրջանում, որն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի և նրա հարևանների միջև ու կբերի խաղաղություն:
Վենսի այցի ընթացքում առաջին անգամ տեղեկացանք նաև, որ Հայաստանն ԱՄՆ-ից ԱԹՍ-ներ է գնում:
Ամերիկյան արտադրության այս ԱԹՍ-ները պաշտպանական նշանակության են ու կարող են զարգացնել բանակի հետախուզական կարողությունները: Ըստ վերլուծությունների՝ հաշվի առնելով գինը՝ Հայաստանը հայտարարված 11 մլն-ով կարող է մոտ 15-20 ԱԹՍ ձեռք բերել:
Այս այցից պարզ դարձավ նաև, որ հաստատվել է Հայաստան NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակն արտահանելու թույլտվությունը։ Նման չիպեր, ըստ Վենսի, աշխարհի մեծ մասում պարզապես գոյություն չունեն: Դրանք կօգտագործվեն արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու համար: Ակնկալվում է, որ այս նախագծի առաջին արդյունքները տեսանելի կլինեն արդեն այս տարվա ընթացքում:
«Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»,- գրեց ԱՄՆ փոխնախագահը Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում: