Բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից, Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։
ԱԺ պաշտպանության հանձնաժողովն անցած շաբաթ կողմ քվեարկեց բանակից խուսափածներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին նախագծին:
Հայկ Սարգսյանի՝ ամբողջական, մասնակի ծառայության կամ գումարի դիմաց դասալքության պատժից ազատող նախագիծը հունվարիին ընդունվել էր առաջին ընթերցմամբ, որին կողմ էին արտահայտվել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
ՔՊ-ական պատգամավորն իր հեղինակած օրինագծով առաջարկում է
դասալքության համար հետախուզվող հայաստանցիներին քրեական պատասխանատվությունից ազատվելու հինգ տարբերակ։ Առաջին տարբերակով՝ ինքնակամ Հայաստան վերադառնալ ու 24 ամիս ծառայել, երկրորդով՝ 12 ամիս ծառայել և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ, երրորդով՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, չորրորդով՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 8 մլն դրամ։ Իսկ ընդհանրապես չծառայելու դեպքում պետությանը վճարել 15 միլիոն դրամ։