Մատչելիության հղումներ

Վենս․ Իրանի հետ բանակցություններում ուրանի հարստացման «կարմիր գիծը» կորոշի նախագահը

«Նախագահը վերջնական որոշումը կկայացնի բանակցությունների կարմիր գծի վերաբերյալ», - վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ արձագանքելով ամերիկացի լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կթույլատրի՞ ուրանի ցածր հարստացումը, թե ցանկացած մակարդակի հարստացումը Վաշինգտոնի համար կարմիր գիծ է:

«Սա նախագահի որոշելիքն է, թե որտեղ է նա մտադիր գիծ անցկացնել բանակցություններում։ Նա նախապես չի հայտարարում, թե ինչ կանի բանակցություններում, քանի որ կարծում է, որ դա կարող է սահմանափակել իր գործողությունների ազատությունը», - հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը:

Իրանն այսօր հայտարարել է, թե պատրաստ է նոսրացնել իր՝ բարձր հարստացված ուրանը, եթե Միացյալ Նահանգները վերացնի Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները:

ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ:


XS
SM
MD
LG