Մատչելիության հղումներ

Տիգրան Հակոբյանը չի բացառում՝ «ներքաղաքական միջամտության» կետը կարող է հանվել մեդիայի մասին նախագծից

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը չի բացառում, որ ԱԺ-ում քննարկվելիք Տեսալսողական մեդիայի մասին օրենքի փոփոխությունների նախագծից կհանվի մտահոգության առիթ տված կետերից մեկը: Խոսքը օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումն արգելող դրույթին է վերաբերում:

Տարընթերցումների տեղ է թողնում. մեդիադաշտի փորձագետներից բացի, Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այդ տեսակետին են նաև պետական տարբեր կառույցներ: Նախագիծը մշակել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ հենց Հակոբյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա:

«Դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, նույն Արդարադատության նախարարությունը, օրինակ, կամ Ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ի՞նչ բան է ներքին քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի, որովհետև նաև միջազգային պրակտիկայում շատ դժվար ենք մենք գտնում այդ ձևակերպումը՝ ներքին գործերի մեջ խառնվելը: Գործում են այլ սահմանափակումներ, բայց սա մենք չենք կարողանում գտնել։ Սա վիճելի է, ճիշտ եք նկատել», - նշեց նա։

Եթե դրույթը պահպանվի, ինչպես Հակոբյանը ձևակերպեց, պետք է լուրջ սահմանվի. «Եթե չհանվի, մենք բոլորով պիտի մտածենք՝ այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարընթերցում հետո չպարունակի և չտա մեզ այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուր չեկած ինչ-որ հեռուստաընկերություններ: Որովհետև այս հարցին պատասխանեցի, ցանկացած դրսից քննադատություն վտանգ կա, որ մենք կընդունենք որպես միջամտություն, մենք ընդունում ենք»:

Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը կարծում է՝ նախագծից հոդվածը միանշանակ պետք է հանվի, կարգավորումն իրավաբանն անիրավաչափ է որակում: Նրան այն հիշեցնում է «օտարերկրյա գործակալների» մասին Ռուսաստանի ու Վրաստանի օրենքների առանձին բաղադրիչներ, քանի որ, ասաց, օտարերկրյա իրավաբանական անձանց դեմ է:

«Եթե մի կարգավորում հստակ չէ, դա վտանգավոր է, ուրեմն կարող է չարաշահվել, - ասաց նա, - Ընտրովի կարող է կիրառվել, օրինակ, միայն Սալավյովի հաղորդումների նկատմամբ, բայց ասենք CNN, BBC և այլն, երբ որ Հայաստանի վերաբերյալ որևէ ռեպորտաժ է, և քննադատում են կառավարությանը, օրինակ, կրոնական համայնքի ինքնավարության իրավունքը խախտելու ուղղությամբ սուր քննադատություն է հնչում, դա նույնպես կարելի է մեկնաբանել որպես ներքաղաքական կյանքի միջամտություն։ Կամ վարչապետի ինչ-ինչ որոշումները, դրա վերաբերյալ վերլուծական որևէ ռեպորտաժ նույնպես կարող է մեկնաբանվել որպես ներքաղաքական կյանքին միջամտող։ Այսինքն՝ այն արժեքավոր տեղեկությունը, որ հանրությունը իրավունք ունի ստանալ և ցանկանում է ստանալ, հանգիստ կարող է ամենատարբեր եղանակով արգելվել նման դրույթի առկայությամբ»։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ քարոզչական հարձակումների հետևում հիմնականում Ռուսաստանին են տեսնում:

Արա Ղազարյանը կասկած չունի, եթե նախագծի դրույթը օրենք դառնա, կիրառվի որևէ լրատվամիջոցի նկատմամբ, ՄԻԵԴ գործեր կհասնեն: Բացառեց, որ ԵԽԽՎ մոնիթորինգի տակ գտնվող Հայաստանին վերաբերող զեկույցում ազատ խոսքը վտանգող այս կարգավորմանն անդրադարձ չլինի:

«Տիգրան Հակոբյանը նախկինում միշտ էլ ասել է՝ սլաքները ուղղվում են ռուսական ալիքների ուղղությամբ, որտեղ, այո, պատերազմի պրոպագանդա, Ուկրաինայի պատերազմի պրոպագանդա տեղի ունենում է, բայց դրա համար ուղղակի երևույթը կոչեք իր անուններով՝ պատերազմի պրոպագանդա, բռնության արդարացում, ցեղասպանության արդարացում, որոնք նաև հանցագործություններ են։ Ինչո՞ւ բերել նման անորոշ, լայն և բազմախոհությանն էապես վտանգող ձևակերպում, նախօրոք իմանալով, որ հենց թեկուզ Եվրոպայի խորհուրդը սա որևէ կերպ չի ընդունի, աչքերս փակ կարող եմ ասել, որ սա մերժվելու է», - նշեց Ղազարյանը:

Օրենքի փոփոխություններում օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակությունն արգելող ձևակերպումը նոր է, ինչպես հեռուստատեսությամբ ու ռադիոյով հեռարձակվող հաղորդումներում արգելված բովանդակության մանրամասն նկարագրությունը, դրանց մեջ են սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքող տեղեկությունները:

Գործող օրենքում դրանք հատ-հատ թվարկված չեն, միայն գրված է, որ չի թույլատրվում օրենքով արգելված արարքների կոչեր տարածելը:
Հանձնաժողովը պետք է որոշի՝ արդյոք այս կամ այն ձևակերպումը սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ է հետապնդել:

Այս մարմնին վերապահվում է նաև մի շարք չափանիշներ սահմանելը, օրինակ՝ արդյոք հաղորդումը պարունակել է բռնության և դաժանության քարոզ:

Արգելված բովանդակության տարածումը ոչ միայն տուգանքով, այլև ընդհուպ ծրագրի դադարեցմամբ կարող է ավարտվել: Ու սա ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա տեսալսողական ծրագրերին է վերաբերում:

«Միանգամից որևէ վատ բան չենք անում, զգուշացնում ենք, նամակ ենք գրում, լսում ենք իրենց պարզաբանումները, ժամանակ ենք տալիս, որպեսզի շտկվի, և դրանով մոռանում ենք այդ միջադեպի մասին։ Նույնը, օրինակ, տարվա մեջ երեք անգամ, առանց հետո շտկելու, առանց պարզաբանելու, առանց ներողություն խնդրելու բռնության կոչ է արվում, կամ չգիտեմ՝ սահմանադրական կարգը տապալելու, ապա մենք իրավունք ունենք կասեցնել այդ հեռուստածրագրի գործունեությունը կաբելային ցանցերում ինչ-որ ժամանակով, և այդ ժամանակը անցնելուց հետո այդ հեռուստաընկերությունը նորից կարող է դիմել մեզ և ստանալ նոր արտոնագիր», - ասաց Հակոբյանը:

Մինչ պետական մարմնի ղեկավարը պնդում է՝ միտում չունեն սահմանափակելու հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը, մեդիադաշտի հասարակական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ ընտրություններից 4 ամիս առաջ փոփոխվող օրենքը քաղաքական նպատակահարմարությամբ կարող է կիրառվել՝ սպառնալով խոսքի ազատությանն ու բազմակարծությանը:

Այն, ի դեպ, ԱԺ հանձնաժողովում իշխանականների ջանքերով արդեն իսկ դրական եզրակացության է արժանացել և առաջիկայում կքննարկվի լիագումար նիստում:

XS
SM
MD
LG