ՆԱՏՕ-ն կոչ է արել «պատասխանատվություն և զսպվածություն» դրսևորել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զինանոցների սահմանափակումներ սահմանող New START պայմանագրի (New Strategic Arms Reduction Treaty - Ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիր) ժամկետը լրացել է, ինչն էլ նոր սպառազինությունների մրցավազքի վախեր է առաջացնում։
«Միջուկային ոլորտում զսպվածությունն ու պատասխանատվությունը կարևոր են համաշխարհային անվտանգության համար», - ասել է ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքի պաշտոնյան՝ անանունության պայմանով։
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միասին վերահսկում են աշխարհի միջուկային մարտագլխիկների ավելի քան 80 տոկոսը։
Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը մեծացնում են իրենց միջուկային կարողությունները, և ՆԱՏՕ-ն «կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել» սեփական պաշտպանությունն ապահովելու համար։ Նա մտահոգիչ է համարել Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը, ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Չինաստանը շարունակում է արագորեն ընդլայնել և դիվերսիֆիկացնել իր միջուկային զինանոցը։
Կրեմլը այսօր հայտարարել է, որ ափսոսում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջուկային զինանոցները կարգավորող վերջին պայմանագրի դադարեցման համար՝ անվանելով այն բացասական քայլ։
Վաշինգտոնը հայտարարել է, որ ցանկացած նոր միջուկային համաձայնագիր պետք է ներառի Չինաստանը, սակայն մինչև այժմ ձախողվել են միջազգային ջանքերը, որոնք կխրախուսեին Պեկինին միանալ նոր բանակցություններին։