Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Եկեղեցին կառուցած Համլետ Գորոյանը և Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը այսօր առավոտյան մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի և պահանջել, որ քահանան ազատի եկեղեցին և հանձնի բանալիները։
«Իրենց առաջարկը հետևյալն էր՝ խաղաղությամբ հանձնել եկեղեցու բանակիներն իրենց, քանի որ եկեղեցու բարերարն ինքն է, եկեղեցին իրեն է պատկանում, ասում է՝ «ինձ թուղթ ցույց տուր, որ եկեղեցին ձերն է», ասում եմ՝ «հողի սեփականության իրավունքը Մայր Աթոռինն է, հետևաբար, ինչը հողի վրա կառուցված է, եկեղեցունն է», ասում է՝ «չէ, եկեղեցու բանալիները պիտի հանձնես ինձ, մենք վաղը մարդ կբերենք, այստեղ պատարագ կանի», բնականաբար ես ասացի, որ ես եկեղեցու բանալիները չեմ հանձնելու, ինձ հանձնված հոգևոր դիրքը, եկեղեցին ես չեմ հանձնելու: Նույնն է, որ վաղը մեկը գա, որևէ մեկի տուն մտնի, ասի՝ «այսինչ օգնությունն եմ արել քեզ, քո տան վերանորոգման, կառուցման համար, դրա համար պիտի քո տունը տաս ինձ, ես եմ բարերարը», - ասաց Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։
Այստեղ ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյանը շաբաթասկզբին միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մյուս հոգևորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարել էր, որ հրաժարվում է այդ որոշումից։
Այսօր քահանան կարծիք հայտնեց, որ իրեն եկեղեցուց հանելու քայլը իր այդ որոշմամբ է պայմանավորված։ Ըստ նրա, եթե չմտափոխվեր, իրեն եկեղեցուց հանելու հարցով վարչական շրջանի ղեկավարը եկեղեցի չէր այցելի. «Ընդամենը մի ամիս առաջ լրիվ ուրիշ վերաբերմունք էր այդ մարդկանց հետ, ուրիշ մոտեցում էր։ Իրենք գոհ էին եկեղեցուց, գնալուց, գալուց, ասում էին՝ կիրակի օրը տեղ չի լինում։ Ի՞նչ փոխվեց։ Կարծիքս շատ լայն կարող է լինել, բայց ինչպես նշեցի խոսքիս մեջ, հենց իմ հայտարարությունից է բխում այդ փոփոխությունը»։
Տեր Արտաշես քահանա Հակոբյանը ծառայում է Մասյացոտնի թեմում, որը վերջերս հայտնվել էր Մայր Աթոռի և իշխանության մեջտեղում։ Փաշինյանին միացած այս թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնանկ էր արել, հետո արդեն Գևորգ Սրբազանը դատի էր տվել Մայր Աթոռին և դատարանը որոշել էր նրան վերականգնել իր պաշտոնում։ Սրան զուգահեռ Մայր Աթոռը առաջնորդական տեղապահ է նշանակել հայր Ռուբեն Զարգարյանին, որը, սակայն, թեմի առաջնորդարան չի կարող մտնել, այնտեղ ոստիկանական հսկողություն է։
Այս օրերին թեմի քահանաները նաև պատմում են, որ տեղական իշխանությունները քահանաների հետ զրույցներ են իրականացնում և հորդորում միանալ Փաշինյանի օրակարգին։ Այստեղ ծառայող քահանայի կարծիքով՝ այսօրվա այցը ևս բացառապես համայնքի ղեկավարի և բարերարի որոշում չէ։
«Երբ որ տեսան անդրդվելի եմ, արդեն մի փոքր տոնը բարձրացավ, խոսակցության մեջ անհարիր բառեր, բառապաշար, և երբ որ սարկավագին խնդրեցի, որպեսզի տեսաձայնագրի այս ամեն ինչը, անմիջապես տարածքից դուրս եկան՝ խոստանալով, որ կվերադառնան և կողպեքները կփոխեն», - ներկայացրեց քահանան։
«Ազատության» հարցին՝ ո՞ւմ կողմից էին անհարիր արտահայտությունները, նա պատասխանեց. «Եկեղեցու բարերարի կողմից՝ եկեղեցում ծառայողներին ուղղված, չգիտեմ, ինչ-որ մեկի հետ ժամանակին դեպք էր եղել, դա էր հիշում: Ինքը համարում է, որ այսքան բան, երբ որ արել է ինքը, ես իրենց չեմ տարել, իրենց բառերով ասեմ, իրենց պատիվ չեմ տվել, մի կտոր հաց չեմ կերցրել»։
Տեղի ունեցածին այսօր անդրադարձել է նաև Մասիացոտնի թեմը, այն որակելով անօրինական և անթույլատրելի միջամտություն Հայ առաքելական եկեղեցու գործերին, նույն որակումները հնչեցնում էր նաև այստեղ ծառայող քահանան: Նա պնդեց, որ ինքը այստեղից հեռանալու մտադրություն չունի:
«Ապօրինի, հակաօրինական... այդ երկու բառի մեջ ամեն ինչ ներառված էր, ես ի՞նչ ասեմ ուրիշ բառով: Այս համայնքը, երբ որ ես եկել եմ այստեղ, փորձել եմ կառուցել համայնքը, ժողովրդին, հավատացյալին աղոթքի և միասնության վրա։ Մի վայր էի ստեղծել եկեղեցին, որտեղ անկախ քաղաքական հայացքներից, անկախ մարդկանց տեսակետներից, մարդիկ կիրակի պատարագի էին գալիս։ Եվ դրանով ուրախանում էի, որ կար մի տեղ այս համայնքում, որտեղ մարդիկ ամեն ինչ մի կողմ են դնում, համախմբվում են Քրիստոսի շուրջը»։
Մենք այսօր գյուղում փորձեցինք նաև գտնել վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանին, սակայն ՔՊ-ական պաշտոնյան ոչ զանգերին պատասխանեց, ոչ էլ համայնքապետարանի շենքում էր, և հայտնի չէ արդյոք նրանք այսօր հետ կգան եկեղեցի, ինչպես զգուշացրել են հեռանալուց առաջ քահանային: Որևէ տեղեկություն այս պահին չկա։