Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը, Կիևը «կառուցողական» են որակում Աբու Դաբիի բանակցությունները


ԱՄԷ - Աբու Դաբիի բանակցությունները, 24-ը հունվարի, 2026թ.
ԱՄԷ - Աբու Դաբիի բանակցությունները, 24-ը հունվարի, 2026թ.

Ուկրաինան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները Աբու Դաբիում խաղաղության երկօրյա «կառուցողական» բանակցություններից հետո շարունակելու են դրանք Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում եկող շաբաթ:

Հունվարի 23-24-ը «Միացյալ Նահանգները համակարգեց եռակողմ հանդիպում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ , որոնք սիրալիր կերպով հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունները», - X-ում գրել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ շարունակելով. - «Բանակցությունները շատ կառուցողական էին, և ծրագրվեց շարունակել խոսակցությունը հաջորդ շաբաթ Աբու Դաբիում: Նախագահ Թրամփը և իր ամբողջ թիմը նվիրված են այս պատերազմին խաղաղություն բերելուն»:

Ուիթքոֆը բանակցությունների վերսկսման կոնկրետ օր չի նշել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր թիմը ներկայացրել է բանակցությունների արդյունքները, և նույնպես «կառուցողական» է որակել քննարկումները:

«Բանակցություններում ներգրավված զինվորականները թեմաների ցուցակ են կազմել հնարավոր նոր հանդիպման համար», - ասել է Զելենսկին:

Աբու Դաբիի բանակցություններից առաջ Ռուսաստանի նախագահի օգնականները հայտարարել էին, որ Վլադիմիր Պուտինը բավարարված է Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և Միացյալ Նահանգների այլ ներկայացուցիչների հետ շուրջ չորս ժամ շարունակված բանակցություններով:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել էր Մոսկվայի պահանջը, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասում դեռ իրենց վերահսկողության տակ մնացող տարածքներից:

Զելենսկին, ով Թրամփի հետ հանդիպեց հունվարի 22-ին Շվեյցարիայում, հետևողականորեն մերժում է տարածքային զիջումների հնարավորությունը, բայց լրագրողներին ասել էր, որ Դոնբասի տարածքների հարցն ընդգրկված է լինելու Աբու Դաբիի բանակցություններում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG