Մատչելիության հղումներ

«Բողոքի փոքրիկ սիմվոլիկ միջոցառում ենք իրականացնում». սնունդ՝ ՄԻՊ գրասենյակի աստիճաններին


Սնունդ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև. «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանն ու մյուսները տարատեսակ ուտելիքներով հասել էին Անահիտ Մանասյանի գրասենյակ։ Նպատակը մեկն էր՝ պաշտպանին հիշեցնել բանտում 11 օր հացադուլի մեջ գտնվող հաղորդավարի ու նրա վատացող առողջության մասին։

«Մենք այսօր էս ուտելիքը բերել ենք այստեղ, որ ՄԻՊ գրասենյակը տեսնի և արձագանքի՝ Հայաստանում կա քաղբանտարկյալ, ի դեմս Նարեկ Սամսոնանի, ով այս պահին գտնվում է անժամկետ հացադուլի մեջ, - ասաց Դավիթ Ֆիդանյանը՝ նշելով, - մենք այսօր նաև խորհրդանշական բողոքի փոքրիկ սիմվոլիկ միջոցառում ենք իրականացնում, այստեղ ենք բերել հացադուլի 11 օրերը խորհրդանշող ուտելիքը, որը պետք է լիներ Նարեկ Սամսոնյանի ամենօրյա ռացիոնում, բայց ավաղ Նարեկ Սամսոնյանն ընտրել է քաղաքական պայքարի համար ծայրահեղ միջոցը՝ հացադուլը, որպեսզի կարողանան պաշտպանել սեփական իրավունքները»:

«Իմնեմնիմի» հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ավելի քան երկու ամիս է կալանքի տակ են ԱԺ նախագահ հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: Մինչ այդ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմադիրներին անվանել «շան լակոտներ» ու «լածիրակներ», ինչից հետո եթերում փոդքասթերները ավելի թունդ էին արձագանքել նրան: Սիմոնյանի բողոքից հետո հաղորդավարներին ձերբակալել էին, ապա կալանավորել խուլիգանության հոդվածով: Հունվարի 9-ի առաջին նիստին դատարանը ևս երեք ամսով երկարացրեց նրանց կալանքը, ինչից հետո Սամսոնյանն ի նշան բողոքի անժամկետ հացադուլ հայտարարեց:

Մտերիմների խոսքով՝ սննդից հրաժարված հաղորդավարն արդեն լուրջ առողջական խնդիրներ ունի։

Մինչ ակցիայի մասնակիցները սնունդը դասավորում էին պաշտպանի գրասենյակի աստիճաններին, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը մանրամասներ էր ներկայացնում Սամսոնյանի վիճակի մասին. «Նրա օրգանիզմը հյուծվում է, դրան գումարվել է առողջական լուրջ խնդիրը: Այս երկու հանգամանքներն իրար հետ գումարած լուրջ առողջական վտանգ են ներկայացնում նրա կյանքի համար: Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի լռությունը հավասարազոր է հանցակցության: մենք հայտարարում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մանդատի մեջ է մտնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Քիչ անց, սակայն, ներսից դուրս եկած աշխատակիցը հավաքեց սնունդն ու լցնել աղբի տոպրակի մեջ։

«Անտիֆեյքի» խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանի խոսքով՝ երեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը վատացել է, ինֆարկտի նախանշաններ են եղել, սակայն Էջմիածնի հիվանդանոցում հերքվել է դա: Բայց պաշտպանյալն ունի վիրահատության կարիք մեկ այլ առողջական խնդրի պատճառով: Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» տնօրեն Կամո Մանուկյանը, սակայն, «Ազատությանը» փոխանցեց՝ Սամսոնյանի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ բժշկի կողմից ցուցված է վիրահատություն, որը կանցկացվի հետազոտություններից հետո:

«Բոլորդ տեղյակ եք, որ երեկ կտրուկ վատացել էր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակն, ու նա տեղափոխվել էր Էջմիածին բժշկական կենտրոն, սա ևս լրացուցիչ հանգամանք չհանդիսացավ, որպեսզի ՄԻՊ-ը գեթ մեկ տառ բարձրաձայնի», - նշեց Աստղիկ Մաթևոսյանը:

Ակցիայի մասնակիցները պնդում են՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կատարել իր պարտականությունը. չի այցելել բանտում հացադուլի մեջ գտնվող կալանավորին, չի հետաքրքրվել նրա՝ օրեցօր վատացող առողջությամբ:

Ակցիայի ավարտին նրանց մոտեցավ պաշտպանի խորհրդականը՝ հրավիրելով ներս՝ քննարկման. «Որևէ բողոք, դիմում չենք ստացել տվյալ դեպի հետ կապված, բայց Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ իրականացվել են աշխատանքներ, և մենք պատրաստ ենք երեք հոգի լիազորված անձ, եթե կա, ներս անցնենք, մանրամասն քննարկենք՝ ինչ է կատարվում»:

Հանդիպման ավարտից հետո Արթուր Ասլանյանը «Ազատությանը» հայտնեց, որ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Նարեկ Սամսոնյանի իրավունքների պաշտպանության հարցը, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է։ Ըստ նրա՝ չնայած գրասենյակը պաշտոնական բողոք չի ստացել, սակայն պաշտպանը քայլեր արել է: Գրասենյակը մշտական կապի մեջ է պատկան մարմինների հետ և պարզաբանումներ է պահանջել հացադուլի ընթացքի, Սամսոնյանի առողջական վիճակի, ինչպես նաև՝ նրան տրամադրվող բժշկական օգնության կազմակերպման վերաբերյալ։





XS
SM
MD
LG