Մատչելիության հղումներ

Դիանա Գասպարյանի և ընտանիքի անդամների գործով առաջին դատական նիստը՝ Հակակոռուպցիոն դատարանում


Էջմիածնի նախկին քաղաքապետը հերքում է իրեն առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր Դիանա Գասպարյանի ու ընտանիքի անդամների գործով առաջին դատական նիստն էր։ Նիստից առաջ Գասպարյանը կարճ մեկնաբանություն տվեց լրագրողներին։

Ինչպե՞ս է ստացվել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երբեմնի ազդեցիկ անդամն ու գործով անցնող ամուսինը, սկեսրայրն ու մյուսները ազատության մեջ են, երբ նմանատիպ մեղադրանքով այլ ընդդիմադիրներ բանտում են, Գասպարյանից հետաքրքրվեցին լրագրողները։

«Կարող եմ ասել, որ ամեն դեպքում իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ դրական վերաբերմունք, հովանավորչական չկա, իսկ թե ինչու կալանք չի եղել, արդեն պետք է նախաքննության մարմինը պատասխանի», - արձագանքեց նա:

Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ տոներից հետո հանգամանալից կանդրադառնա քրեական գործին, իր ձևակերպմամբ, «կրկեսին»։ Այսօր էլ խոստացավ՝ առաջարկում կխոսի:

«Այսօր առաջին, նախնական դատական նիստն է, մենք կգնանք դատական նիստի, ինչպես խոստացել էի կլինի մամուլի ասուլիս ու բոլորիդ կհրավիրեմ», - ասաց Գասպարյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն ՔՊ-ական նախկին քաղաքապետին ու ընտանիքի անդամներին մեղադրում է Էջմիածնի հողերի օտարման ընթացքում փողեր լվանալու համար: Քրեական գործը երկու հոդվածով է՝ փողերի լվացում և պաշտոնեական դիրքի չարաշահում:

Քննիչները եզրակացրել են, որ Գասպարյանի ընտանիքի անդամներն օժանդակել են նրա հանցավոր արարքներին. 7 տարի Էջմիածինը ղեկավարած Գասպարյանն ու նրա թիմը կազմակերպել են քաղաքի հողամասերի վաճառքը իր իսկ ընտանիքի անդամներին:

Հողակտորներից մեկն, օրինակ, 2022-ին ձևական աճուրդով օտարել էր սկեսրայրի ծանոթին. շուրջ 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը օտարվել էր ավելի քան երեքուկես անգամ ցածր գնով՝ մոտ 52 միլիոն դրամով։ Հետո օտարված հողամասը դարձել է Գասպարյանի սկեսրայրի սեփականությունը:

Սրանից բացի, նույն տարածքի կողքի 2 հազար քառակուսի մետր մակերեսով հողակտորն էլ վաճառվել է ուղիղ՝ առանց աճուրդի։ Սկզբում համայնքային հողը ավագանին դարձրել է վաճառքի ենթակա, հետո հողատարածքը աճուրդով վաճառվել է քաղաքապետի սկեսրայրի մտերիմին, այդ մտերիմն էլ այն վաճառել է մեկ ուրիշի, վերջինս էլ՝ Գասպարյանի սկեսրոջը։ Գասպարյանի սկեսրոջ գործն առանձին դրվագով է, դեռ դատարան չի փոխանցվել։

Նախկին քաղաքապետի ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, կնոջ նման հերքեց ընտանիքին առաջադրված մեղադրանքերը. Այստեղ քրեական գործ չկա»:

Դատական նիստն այսօր չմեկնարկած՝ րոպեներ անց հետաձգվեց՝ մեղադրյալներից մեկի պաշտպանի բացակայության պատճառով:

Վարչապետի թիմակիցն ամիսներ առաջ թողեց պաշտոնը՝ պնդելով, թե պատճառը ոչ թե նրա անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալներն ու լրագրողական հետաքննություններն էին, այլ որ ցանկանում է ժամանակն ընտանիքին նվիրել։

Գասպարյանը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում, երբ լրատվամիջոցները հրապարակել էին նրա և այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ձայնագրությունը, որում Գասպարյանը պնդում էր, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, նրա փոխարեն վարչապետի պաշտոնը ստանձնի կուսակցությունից մեկ այլ անդամ։





XS
SM
MD
LG