Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Դրանք հանձնվել են իրավասու դատարան, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:
Ըստ իրավապահների՝ պարզվել է, որ Դիանա Գասպարյանը, ամուսինը սկեսրայրի ու սկեսուրի օգնությամբ չարաշահել է իշխանական և ծառայողական լիազորությունները՝ վնաս հասցնելով պետության և համայնքի շահերին։ Ինչպես նաև, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նրա և իր մերձավորների գործողություններում արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։
Նրանցից ոչ մեկը նախաքննության ընթացքում չի կալանավորվել:
Ոչ Դիանա Գասպարյանը, ոչ նրա ամուսինը և ոչ էլ սկեսրայրը երեկ չէին պատասխանել «Ազատության» զանգերին, չէր հաջողվել պարզել նրանց դիրքորոշումը մեղադրանքի առնչությամբ։
Տարվա սկզբին «Ազատությունը» բացահայտել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ նրանից սեղմված բնական գազ գնելով համայնքի համար։ Ավելի վաղ նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ պարզվել էր, որ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հայտարարագրում էական անհամապատասխանություններ կան նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև։ ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր:
37-ամյա Դիանա Գասպարյանը պաշտոնը լքելու մասին հայտնեց մայիսին՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին: