Խաղաղությանը պատրաստվելիս կարևոր է, որ մենք նաև խաղաղությանը զուգահեռ ունենանք որոշակի պաշտպանունակություն, այսօր ասուլիսին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ դա ոչ մեկի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը չի սպառնում:
«Շինարարությունը (սահմանին) շարունակվելու է, կարծում եմ՝ խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանգիստ, հանդարտ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը՝ անկախ նրանից՝ սպառնալիքներ կան, թե չկան», - ասաց նախարարը:
Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանցիների հեռանալու հարցը, ըստ նրա, պետք է կարգավորվի սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում:
2025թ. պաշտպանության ծախսերը կազմել են 664 մլրդ դրամ (1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար). Պապիկյանն այս թիվը համեմատեց 2018 թվականի հետ՝ նշելով, որ ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով:
2026 թվականի բյուջեի նախագծով, սակայն, կառավարությունը մտադիր է ավելի քան 15 տոկոսով կրճատել ռազմական բյուջեն: Ընդդիմությունն ավելի վաղ քննադատել էր այս որոշումը՝ դրա տակ տեսնելով պահանջ Բաքվից: Ադրբեջանը, մինչդեռ, այս տարվա բյուջեում բանակի, դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության համար ավելի շատ գումար է հատկացրել, քան նախորդ 2025-ին:
Հայաստանի պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ հայկական բանակը համալրվելու է, սակայն համալրումը շարունակվելու է պայմանագրային սկզբունքով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իր բանակը զինելուն, Պապիկյանն ասաց՝ չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել: Սա Երևանի պաշտոնական դիրքորոշումն է. միաժամանակ, Պապիկյանը շեշտեց, սա չի նշանակում, որ ՀՀ-ն դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերումը:
Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ. Պապիկյան
Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը՝ անդրադառնալով հունվարի 6-ին վարչապետի առաջնորդած ուխտերթին զինվորական Կարեն Շաքարյանի մասնակցությանը:
«Ոչ աշխատանքային օրը ոչ քաղաքական միջոցառման մարդու մասնակցելու ցանկությունն է», - այսպես մեկնաբանեց Պապիկյանը:
Ինչ վերաբերում է հաղորդումներին, որ Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, Պապիկյանն ասաց, որ ինքը նման ինստիտուտ չի ճանաչում:
Իր մասնակցության մասին էլ նշեց, որ ներկա է գտնվել որպես քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ ու պաշտպանության նախարար:
«Նաև քաղաքական գործիչ եմ, ուսադիրներ չեմ կրում, զինվորական չեմ», - շեշտեց պաշտպանական կառույցի ղեկավարը:
Փոփոխություններ «Պաշտպան հայրենյաց» ծրագրում
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրում: Պապիկյանը մանրամասնեց, որ գործող 5 տարվա պայմանագրից բացի, զինծառայողները հնարավորություն կունենան կնքել ևս 2 կամ 5 տարով պայմանագիր:
Այս ծրագիրն այս պահին 5 տարով է, ծառայության ավարտին տրվում է 5 մլն դրամ պատվովճար։ Այս պահին ծրագրով ծառայություն է իրականացնում ավելի քան 4 հազար զինվորական:
«Պայմանագիրն ավելացնում ենք ևս 2 և 5 տարով, որի արդյունքում՝ 1.5 մլն դրամ կտրվի 2 տարվա համար, իսկ 5 տարի ծառայելու պարագայում՝ ևս 5 մլն դրամ, այսինքն՝ 10 տարվա ընթացքում, 10 մլն դրամ պատվովճար»,- նշեց նախարարը:
ՊՆ-ն նոր համազգեստի ամբողջական գնումը դեռ չի իրականացրել
Նախարար Պապիկյանի տեղեկացմամբ՝ ՊՆ-ն նոր համազգեստի ամբողջական գնում դեռ չի իրականացրել, առաջիկա մեկ ամսում կունենան ամենօրյա և տոնական համազգեստների նմուշները: Դա կանցնի փորձարկման փուլ, իսկ ընթացիկ տարում գնումներից հետո դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր բարձրաձայնել էր, որ արդեն 5 տարի է՝ բանակի համազգեստն է քննարկվում:
«Կարելի է պատկերացնել ավելի լուրջ, բարդ, բովանդակային փոփոխությունների և դրանց ընթացքի մասին», - նշել էր պատգամավորը:
Պապիկյանն ասաց, որ ամերիկյան ընկերության հետ պայմանագիրը ենթադրում է, որ նրանք պետք է փորձանմուշներ ներկայացնեն, իսկ դրա համար նաև տեխնիկական նկարագրեր ու դետալներ։
«Փորձարկումից հետո 2026 թվականի ընթացքում գնման գործընթաց կլինի, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները», - հավելեց նա:
Զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել 2025-ին. ՊՆ
2025 թվականին Զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել. նախարարի տվյալներով՝ նրանցից 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով: Մյուս 6-ից 2-ը ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են:
2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով, հավելեց Սուրեն Պապիկյանը:
Զինված ուժերի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, սակայն, տարեվերջին «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ իրենց տվյալներով՝ այս տարվա ընթացքում 5 զինվոր է ինքնասպանություն գործել: