Հայոց ցեղասպանության հուշահամալիրում վերանորոգումը մինչև ապրիլի 24-ն ավարտված կլինի, այսօր ասուլիսում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքները մեծ աղմուկ բարձրացրեցին, երբ անցած տարի ակտիվիստներն ու մասնագետները սկսեցին ահազանգել փնթի շինարարության, հուշարձանի շինհրապարակի ոչ պատշաճ կահավորման, վանդալիզմի հասնող անփույթ վերաբերմունքի մասին, երբ 12 բազալտե մույթերից երեքի քարերը շինարարները պահպանելու փոխարեն ջարդել էին։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներն անհապաղ դադարեցնելու պահանջով կառավարությանը դիմել էր նաև հուշարձանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի կենտրոնը։ Չնայած այս պահանջներին աշխատանքները որոշ ժամանակ ընդհատվելուց և շինհրապարակի վերակահավորումից հետո շարունակվեցին։
«Կարող եմ վստահաբար ասել, որ մասնագիտական հանրույթի հետ ամենահնարավոր մասնակցային ձևաչափով քննարկվելով աշխատանքները արվում են պատշաճ որակով: Իմ ամենշաբաթյա այցելությունների ժամանակ ինձ հետ են նաև մասնագետներ, և ես յուրաքանչյուր այցի ժամանակ առանձին անդրադառնում եմ մասնագիտական հնարավոր դիտարկումներին, ու պետք է ասեմ, որ որևէ մտահոգություն մեր քաղաքացիները կարող են չունենալ։ Հուշարձանը այսօր էլ բաց է, ովքեր ուզում են այցելել, ապրիլի 24-ին էլ սկսված աշխատանքները ավարտված կլինեն», - ասաց Անդրեասյանը։
Նախարարին խնդրեցինք մեկնաբանել մեկ այլ աղմուկ բարձրացրած թեմա՝ հայ դահուկորդ Միքայելի Միքայելյանի տուգանքը Դահուկավազքի իտալական մրցաշարում մարզահագուստի վրա Ադրբեջան բառը կպչուն ժապավենով փակելու համար։ Արդյոք նախարարությունը ինչ-որ քայլեր կձեռնարկի՞, որպեսզի հայ մարզիկները հետագայում նման խնդիրների առջև չկանգնեն։ Ժաննա Անդրեասյանն ասում է՝ հարցում են ուղարկել ֆեդերացիա, կանդրադառնան, երբ նրանցից ստանան պատասխան։
«Ֆեդերացիան կտա պարզաբանումը, մենք էլ դրա համեմատ.... Հայաստանի ֆեդերացիային ենք, բնականաբար, դիմել, հասկանալու նախևառաջ՝ ինչ տուգանքի մասին է խոսքը, ինչ չափ, արդյոք կարող է որակազրկման հարց քննարկվել, թե՝ ոչ, և բնականաբար այդ պատասխանից կախված կորոշենք մեր գործողությունները», - նշեց նախարարը։
Նախարարը դեռ չի կարող ասել նաև, թե որքանով էր արդարացված պետբյուջեից Ջենիֆեր Լոպեսի համերգին 6 միլիոն դոլար տրամադրելը, բայց ասաց՝ այս տարի ևս նման միջոցառում նախատեսվում է։
«Ֆինանսական հաշվետվությունը ուսումնասիրության փուլում է, առաջիկայում պարզ կլինեն դրա արդյունքները, որից հետո էլ հայտնի կդառնա, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակներում, որքան գումար է ծախսվել, այդ գումարից որքանն է ենթակա վերադարձի բյուջե, և մենք, բնականաբար, լրագրողների հետ այդ տեղեկատվությամբ կկիսվենք։ Ներկայումս դա ուսումնասիրության փուլում է», - ընդգծեց նա։
2025 թվականն անփոփող ասուլիսը նախարար Ժաննա Անդրեասյանը հրավիրել էր Աբովյան քաղաքում կառուցված և անցած տարվանից գործող նոր դպրոցում։ Մինչև 2026 թվականը 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագիր ունի կառավարությունը։ Աբովյանի թիվ երկու հիմնական այս դպրոցը այդ ծրագրով արդեն վերանորոգված ավելի քան 100 դպրոցներից մեկն է։ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ այս տարի բոլորը պատրաստ կլինեն։
«Այո, կհասցնենք, և սա ասում եմ շատ ավելի մեծ վստահությամբ և համոզվածությամբ, որովհետև մենք այսօր արդեն ունենք ավելի քան 100 դպրոցներ, որոնք ավարտված են և ավելի քան 280 մանկապարտեզներ և նախակրթարաններ, որոնք ավարտված են, բայց մի կարևոր ցուցանիշ ևս, որ կուզեի ընդգծել, մեր կատարման տեմպն է։ Եթե մենք նախորդ տարի կատարել էինք աշխատանքներ շուրջ 53 միլիարդ դրամի չափով, ապա այս տարի այս մեծ ծրագրի շրջանակներում մենք շուրջ 121 միլիարդ դրամի կատարողական ունենք», - ներկայացրեց Անդրեասյանը։
Նախարարը նաև շրջայց կատարեց դպրոցում գրադարանը, լաբորատորիաները, մարզադահլիճն ու սենյակները տեսնելու։ Ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անձամբ կախիչների ամրությունը չստուգեց, բայց հարցը հնչեցնող լրագրողին հրավիրեց ստուգելու։
«Եթե մենք իսկապես ունենք դպրոց, որտեղ ամեն ինչ ակտիվ օգտագործվում է, շատ բնական է, որ ինչ-որ բաներ պիտի փոխվեն, նորից ամրացնենք, ինչ-որ բաներ պիտի մաշվեն և փոխարինենք», - ասաց նախարարը։