Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանը չի հերքում՝ իր ազգական Վրեժ Դուրգարյանը, որ նաև թատրոնի փոխտնօրենն է, անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ շիրմաքարի վրա էր բարձրացել: Ավելին՝ Aravot.am-ի հետ զրույցում դիրիժորը բացատրել է, թե ինչն է մղել մշակութային հաստատությունը ներկայացնող իր տեղակալ - ազգականին այդ քայլին:
«Եթե ուշադիր եք նայել այդ տեսագրությունը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ: Շատերը ընկել էին հատակին և շատերը նույնիսկ շնչելու հնարավորություն չունեին, որովհետև սեղմված էին, եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի»:
Իր զարմիկը չի ուղղորդել հավաքվածներին ներխուժել Մայր տաճար, պնդում է Օպերային թատրոնի տնօրենը, հիմնավորումն էլ այն է, որ Վրեժ Դուրգարյանը հոգևորականի ընտանիքում է մեծացել, ամեն օր աղոթք լսել: Այդ օրն էլ գործել է առանց որևէ մեկի հրահանգի:
Կարեն Դուրգարյանը չի համարում, որ շիրմաքարի վրա բարձրացած իր զարմիկի արարքը խուլիգանություն է. «Եթե մարդը, ցանկացած քաղաքացի խուլիգանություն է անում, հետևաբար այդ գործողությունը պետք է տեղափոխվի մեկ այլ տիրույթ: Եթե դա ապացուցված է, ուրեմն թող այդ մարմինները, ովքեր զբաղվում են նման հարցերով, իրենք պետք է զբաղվեն, սա իրենց տիրույթում է գտնվում»:
Անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ այն նույն պահին, երբ Վեհափառ Հայրապետը քարոզն էր ընթերցում, մի խումբ քաղաքացիներ հարվածում էին տաճարի դռներին, գոռգոռում և վիրավորում հոգևորականներին: Այս ամենի ականատեսներից էր նաև ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա այսօր էլ պնդեց՝ Վրեժ Դուրգարյանը տաճարի մուտքի մոտ զբաղված էր հենց այդ ցուցարարներին ուղղորդելով:
«Ի՞նչ է նշանակում՝ դու բարձրանում ես շիրմաքարի վրա, խոյակի վրա, ում օդը չի հերիքում բարձրանում է շիրմաքարի վրա՞, իրենք նման փորձ ունե՞ն, օրինակ, սեփական ընտանիքի անդամների շիրմաքարերի վրա բարձրանալու կամ խոյակների վրա բարձրանալու, դա սրբապղծություն է: Սրբապղծություն է տեղի ունեցել», - ասաց Դանիելյանը:
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ Կաթողիկոսի հեռացման պահանջով տասը եպիսկոպոսների հրավիրած հավաքին աչքի ընկած օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն արդեն պետք է աշխատանքից հեռացված լիներ: Ըստ Դանիելյանի՝ օպերայի փոխտնօրենը շարունակում է պաշտոնավարել, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել՝ աջակցում է Գարեգին Երկրորդի հեռացման օրակարգը պաշտպանողներին:
«Եթե նույնականացվեր որևէ ընդդիմադիր հայացքներով մարդ, որը ոչ միայն ակտիվ է եղել, այլ ներկա է եղել, հաստատ այդ մարդուն աշխատանքից կազատեին», - ընդգծեց Գառնիկ Դանիելյանը:
Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել օպերային թատրոնի ներկայացուցչի պահվածքը:
Լուռ են նաև իրավապահները: Չնայած տարբեր հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ այս օրերին քննադատում են ոչ միայն օպերային թատրոնի փոխտնօրենի, այլ նաև Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի և հավաքի մյուս մասնակիցների գործողությունները, դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քրեական վարույթի մասին տեղեկություն չկա: Հանցագործության մասին հաղորդում հավաքի օրը Մայր Աթոռի բակում Գառնիկ Դանիելյանը հենց ոստիկնապետին էր ներկայացրել:
«Կաշկանդվածություն կա ուժային կառույցների կողմից, որպեսզի այս գործը հետաքննեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Իսկ ինչպե՞ս է վերաբերում Օպերային թատրոնի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեմ սկսած արշավին. Կարեն Դուրգարյանն ասում է՝ ինքը եկեղեցի պարզապես չի գնում, տանն է աղոթում, և սպասում է, որ հոգևորականները պատասխանեն վարչապետի հարցերին: