Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հայտարարել է, որ 2025 թվականին այս գործընթացը իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգմամբ:
«2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել այս պատմական հնարավորությունից», - ըստ ադրբեջանական APA-ի, ասել է Ֆիդանը:
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: