Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին


Վրաստանում ձերբակալվել է «Հզոր Վրաստան - Լելո» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին: Լուրը հաստատել է նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին:

«Եթե հնարավորություն ընձեռվի, ես կայցելեմ նրան: Ես ուրիշ ոչինչ չգիտեմ: Հայտնի է, որ նրան այսօր առավոտյան ձերբակալել են փողոցում, և նա պահվում է քրեական մեղադրանքով», - «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը ասել է փաստաբանը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլին այսօր լուսաբացին փորձել է հրկիզել Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ նրան դեպքի վայրում բռնել են դատարանի աշխատակիցները: Էլիսաշվիլին «դիմադրել է իր մոտ եղած հրազենով և ֆիզիկական բռնություն կիրառել»։

ՆԳՆ-ի կողմից հրապարակված տեսանյութի համաձայն՝ Ալեկո Էլիսաշվիլին դեմքին կապտուկներ ունի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորվել է նաև դատարանի աշխատակիցներից մեկը։

Անցյալ տարի Էլիսաշվիլին մեղադրվել է իշխող կուսակցության կողմնակից Ալի Բաբաևի նկատմամբ հարձակման մեջ։ Նա սկզբում կալանավորվել, ապա գրավի դիմաց ազատ էր արձակվել։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG