Նոր Նորքում դեկտեմբերի սկզբից գործող գյուղմթերքի շուկան դեռ չբացված սկանդալների կենտրոնում է. տասնյակ վաճառողներ տագնապած են՝ մեկ ամիս էլ չկա ինչ տարածք են գտել նաև իրենց աճեցրած միրգ-բանջարեղենը վաճառելու, հարցականի տակ է դրվում կառույցի օրինականության հարցը, արդեն քրեական գործ կա հարուցված։
«Հարյուր ընտանիք էս պահին սպասում ա, որ հասկանա՝ ինչ ա լինում, որ ինքը փողոցից իրա առևտուր անելունը վերցնի գա նորմալ ակուրատնի տեղ կանգնի՞, թե՞ էլի փողոցում մնա՝ նորից ակտավորվի, թե՞ հիմա ինչ են անում: Խառնվել ա ամեն ինչը իրար: Մենք էս պահին գալիս ենք ստեղ առևտուր ենք անում, մարդիկ չեն իմանում՝գա՞ն, թե՞ չգան», - ասաց վաճառողներից մեկը:
«23 տարվա գիտական աշխատող եմ եղել, ինձ համար հաճելի չի, որ շուկայում կանգնում եմ, բայց ուրիշ ելք չկա: Չի կարելի չէ՞: Ժողովուրդը, տես քանի հոգի կա, էդքան ընտանիք են պահում», - ընդգծեց մյուսը:
Զոյա Դանիելյանը տարիներ շարունակ հարևանությամբ գործած այլ շուկայում է աշխատել, որը փակվել է, ու տեղը առևտրի կենտրոն է բացվել, ինքն էլ գրեթե երկու տարի առանց աշխատանքի է մնացել՝ այլ հարմար տարածք չգտնելով։ 73-ամյա թոշակառու կինն ասում է՝ հիմա նորաբաց շուկան իր համար աշխատելու, ապրուստի միջոց է. - «Որ փողոցով գնում ես, փողոցներում լրիվ մարդիկ գետնի վրա դրած առևտուր են անում, մի՞թե ձեզ համար հաճելի չի շուկան»:
Շուկայի վաճառողներին զայրացրել են երևանյան խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանի հայտարարությունները, թե գյուղմթերքի շուկան առանց շինթույլտվության է կառուցվել։ Դեռ հոկտեմբերին ակտիվիստը հայտարարել էր 560 հազար դոլարի, իսկ այսօր արդեն պնդեց, թե խոսքը 700 հազար դոլարի հասնող կոռուպցիայի մասին է։
«Էդ հողատարածքը գտնվում ա 6-րդ գոտում, Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում կարան ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնեն իմ խոսքերը ստուգեն. 6-րդ գոտում աճուրդային մեկնարկային գինը մեկ քառակուսի հողատարածքի արժի 350 հազար դրամ, ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, [...] դրեք հաշվեք, տեսեք ինչքան գումարների մասին ա խոսքը գնում», - ասաց Չախոյանը:
Ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանին մեղադրում է լիազորությունները չարաշահելու համար։ Չախոյանը պնդում է՝ քաղաքային իշխանությունների հովանավորչությամբ է կառուցվել գյումթերքի շուկան, հակառակ դեպքում հիմա այն պետք է քանդվեր, ինչպես անօրինական շինությունների դեպքում է լինում։
«Նույն շինությունը՝ քանդման ենթակա շինությունը, որը ստե ա քանդման ենթակա՝ Բաղյանինը, չի քանդում, չի քանդում, ժողովուրդ ջան, խի՞ չի քանդում: Իրա հայտարարություններով քանդման ենթակա ա, ու փաստաթղթով քանդման... Այսինքն ո՞նց ա լինում՝ ուրիշ դեպքերում Հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում», - ընդգծեց Արթուր Չախոյանը:
Քաղաքապետարանից դեռ շաբաթներ առաջ զրպարտություն էին որակել ակտիվիստի՝ հարյուր հազարավոր դոլարների կոռուպցիայի մասին պնդումները, հայտնել՝ քաղաքապետը պատրաստվում է դատի տալ Չախոյանին։ Արդյոք Ավինյանը հայց ներկայացրե՞լ է դատարան, թե՞ ոչ, քաղաքապետարանից խոստացել են պատասխանել։ Ակտիվիստի այսօրվա պնդումներին էլ դեռ չեն արձագանքել:
Բաղյան փողոց 2/5 հասցեում կառուցված շուկայի սեփականատիրոջ փաստաբան Մամիկոն Մանուկյանը Չախոյանի հայտարարությունները մերկապարանոց է որակում, պնդում՝ սեփականատերը շինթույլտվություն ունեցել է: Փաստաբանն անհիմն է համարում ակտիվիստի հայտարարությունները, թե սեփականատերը քաղաքապետ Ավինյանի կամ քաղաքապետարանի այլ պաշտոնյայի ծանոթն է:
«Իրանց տարածքի վրա կատարել են գծագրերով շինարարական աշխատանքներ, եթե շինարարության նախագծից կա շեղումներ, դա վարչական վարույթի շրջանակներում տուգանքը կվճարի, կդիմի քաղաքապետին, ինքնակամի հետ կապված բան կանեն, օրինական կվճարի պետության կողմից գոտիական գործակցով գումարները, տուգանքները, և, ենթադրում ենք, դատական կարգով կդիմենք, կպահանջենք, որ իրավունքը ճանաչեն: Որովհետև շինությունը Դուք տեսել եք, տեսել եք՝ մարդիկ ինչ աշխատանք են կատարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:
Շուկայի սեփականատեր Նորայր Հովհաննիսյանի փաստաբանը, միաժամանակ, չի բացառում՝ հնարավոր է՝ նախագծային շեղումներ են եղել, և համայնքապատկան հող էլ է զավթվել: Մանուկյանը հայտնեց՝ այդ պատճառով, հնարավոր է դատարան հայց ներկայացնեն սեփականության իրավունքը ճանաչելու համար։
«Բայց էդ ինքնակամ զավթածը նենց չի, որ բան ենք արել, եսիմ ինչ սահմաններ, նորմեր ենք խախտել: Որովհետև ինքը չի չափել, ես չեմ չափել, փորձագետը կտա. հնարավոր ա 200 կամ 300 քառակուսի մետր, հնարավոր ա 500 քառակուսի մետր, ինչ-որ մի բան զավթած լինի: Էսօր մենակ քաղաքապետարանում, իմ պատկերացմամբ, իմ իմանալով, ոչ ստույգ տվյալներով՝ մոտավորապես 30 հազարից ավել դիմում-բողոք կա ինքնակամերի նկատմամբ իրավունքը ճանաչելու համար», - նշեց փաստաբանը:
Շուկային առնչվող մեկ այլ քրեական գործ էլ Չախոյանի մասնակցությամբ միջադեպից հետո է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։ Ակտիվիստն ահանզանգել էր, որ շուկայի տարածքում իրեն բռնության են ենթարկել, դեպքից հետո մի քանի հոգու ձերբակալել էին, հետո՝ ազատ արձակել։ Այսօր շուկայի վաճառողներից մի քանիսն էլ պնդում էին, թե Չախոյանը եկել, սադրել է, հայհոյել է, քաշքշոցից հետո էլ իրենց ոստիկանության բաժանմունք են տարել։ Չախոյանը հերքում է այդ պնդումները։