Մատչելիության հղումներ

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել կայուն խաղաղության՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգները ողջունում է կայուն խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի քայլերը և պատրաստ է աջակցել դրանց: Այդ մասին հայտարարում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահին հղած շնորհավորական ուղերձում:

«Մենք ողջունում ենք կայուն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը և պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին», - Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Ջո Բայդենն Իլհամ Ալիևին գրել է նաև, որ Վաշինգտոնը ցանկանում է զարգացնել գործընկերությունը Ադրբեջանի ժողովրդի հետ ու ամրապնդել կապերը:

«Մենք գնահատում ենք Ադրբեջանի մարդասիրական օգնությունը Ուկրաինային՝ որպես կարևոր փրկօղակ ընդդեմ Ռուսաստանի դաժան պատերազմի», - գրել է ԱՄՆ-ի նախագահը։

«Միացյալ Նահանգները հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - նշված է նամակում, որտեղ անդրադարձ կա նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգությանը և գազի «Հարավային միջանցքի» զարգացմանը։

Բայդենը նշել է, թե անհամբերությամբ են սպասում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ում ընդհանուր կլիմայական նպատակների առաջխաղացմանը և պատրաստ են աջակցել Ադրբեջանին այդ միջոցառման հաջողության համար:

Միացյալ Նահանգների նախագահը նաև կոչ է արել հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարական կառավարում ամրապնդելու, մարդու իրավունքների պաշտպանությունը և բոլոր ադրբեջանցիների հիմնարար ազատություններն ապահովելու համար։

Ադրբեջանն Անկախության օրը նշում է մայիսի 28-ին:

XS
SM
MD
LG