Մատչելիության հղումներ

«Ռեալ»-ը կիսաեզրափակիչում հաղթեց «Բավարիա»-ին


«Ռեալը» տոնում է դժվարին հաղթանակը, Մադրիդ, 8-ը մայիսի, 2024թ.
«Ռեալը» տոնում է դժվարին հաղթանակը, Մադրիդ, 8-ը մայիսի, 2024թ.

Մադրիդի «Ռեալ»-ը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան ծանրագույն խաղում հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ: Երկու ակումբների առաջին խաղը Մյունխենում ավարտվել էր ոչ ոքի՝ 2-2:

Պատասխան խաղում հաշիվը 68-րդ րոպեին գեղեցիկ հեռահար հարվածով բացեց «Բավարիա»-ի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը:

Դրանից հետո «Ռեալ»-ն անդադար հարձակվում էր, բայց «Բավարիա»-ի դարպասապահ ու թիմի ավագ Մանուել Նոյերը գերագույն վարպետությամբ ետ էր մղում հարվածները:

Օրվա հերոսը դարձավ «Ռեալ»-ից Խոսե Լուիս Սանմարտին Մատոն՝ նույնինքը Խոսելուն: Նա հաշիվը հավասարեցրեց 88-րդ րոպեին՝ օգտվելով Նոյերի թերևս միակ վրիպակից՝ 1-1:

Ապա 90+1 րոպեին Խոսելուն խփեց երկրորդ գոլը, որը լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը նախ չհաշվեց, բայց ստուգումից հետո հաստատեց, որ Խոսելուն խաղից դուրս վիճակում չէր:

Հակագրոհի նետվեց բավարական թիմը: Խաղը՝ ավելացված ժամանակի հաշվին, տևեց մոտ 104 րոպե: Վերջին՝ ամենալարված վայրկյաններին «Բավարիա»-ն գոլ խփեց, սակայն մրցավարը պնդեց, որ «Բավարիա»-ի ֆուտբոլիստներից մեկը խաղից դուրս վիճակում էր:

Այսպիսով, «Ռեալ»-ը դուրս եկավ եզրափակիչ և հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթի համար կպայքարի Դորթմունդի «Բորուսիա»-ի հետ:

«Ռեալ»-ը 18-րդ անգամ է դուրս գալիս եզրափակիչ: Իսպանական թիմի իտալացի մարզիչ Կառլո Անչելոտիի համար դա կլինի 6-րդ եզրափակիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG