Մատչելիության հղումներ

Քանի Փաշինյանի ռեժիմը կա, Հայաստանն անվերջ զիջելու է. Շարմազանով 


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Տավուշի և Ղազախի հատվածում իրականացվող սահմանազատմանն առայժմ միայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն է արձագանքել՝ գործընթացը որակելով «միակողմանի զիջում» և «կապիտուլյանտական քայլ»։

Մինչ Հայաստանի իշխանությունը սա անվտանգային ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլ է համարում, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ տեղի է ունենում ոչ թե սահմանազատում, այլ Ադրբեջանի պահանջի կատարում, քանի որ սահմանազատման պարագայում նախ և առաջ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գար Հայաստանի գրավյալ տարածքներից։ Մինչդեռ, ըստ ընդդիմադիր գործչի, այժմ Բաքվի ցուցումով կոնկրետ մի հատվածում տեղի է ունենում Հայաստանի զինված ուժերի դուրսբերում։

«Դա խաղաղություն չի, դա Հայաստանի ադրբեջանացում է։ Ադրբեջանն այս պահին օկուպացված է պահում, ըստ իշխանությունների, առնվազն Հայաստանի ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կիլոմետրը, և Հայաստանի իշխանությունն այդ ամեն ինչը դրել է մի կողմ, դե այդ պահանջները չի էլ ասում, բայց գնում է ոչ միայն ամբողջական դելիմիտացիա-դեմարկացիայի, այլև գնում է հատվածային դեմարկացիա-դելիմիտացիայի այնտեղ, որտեղ պահանջում է Ադրբեջանը։

Եթե դեմարկացիա-դելիմիտիացիայի գնում են, պիտի նախ և առաջ Ադրբեջանը դուրս գա օկուպացված տարածքներից, այսինքն՝ ո՞նց է լինում՝ Տավուշի այդ մասը օազիս է, Ջերմուկում ադրբեջանական զինվորն է կանգնո՞ւմ։ Տրամաբանությունը ո՞րն է, այսինքն՝ որտեղ մենք ունենք հայանպաստ ռազմավարական անվտանգային բարձունքներ և դիրքեր, մենք այնտեղից դուրս ենք գալիս՝ ավելի մեծ թիրախ դարձնելով Տավուշի մարզը և Լոռու մարզը, իսկ Ադրբեջանն իր կողմից որևէ քայլ չի կատարում։ Միակողմանի խաղաղություն չի լինում։ Բանակցություն չի լինում, երբ քեզ ինչ ասում են, դու ասում ես՝ այո, իսկ դու ինչ ասում ես, ասում են՝ ոչ։ Դա կոչվում է կապիտուլյացիա», - ասաց նա։

Շարմազանովը հարցնում է՝ ո՞ր թվականի քարտեզներով է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ այդ տարածքները Հայաստանին չեն պատկանում։ Հիշեցնում է՝ Ալմա-Աթայի հռչակագրին, որին հղում է անում Փաշինյանը, Ադրբեջանը միացել է միայն 1993 թվականին, իսկ Ադրբեջանի սահմանադրությամբ այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։

«Նիկոլ Փաշինանը հասկանո՞ւմ է՝ ինքն ինչ է ասում։ Երբ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմով կանգնում ու հայտարարում է, որ այդ տարածքները հայկական չեն, դա նշանակում է՝ Հայաստանը ագրեսո՞ր երկիր է, օկուպա՞նտ է», - նշեց նա։

Հակադարձելով վարչապետի պնդմանը, թե սահմանազատման արդյունքում անվտանգություն ռիսկերը կնվազեցնեն, Շարմազանովը հիշեցնում է Փաշինյանի խոսքերը, թե 4 գյուղերը վերադարձնելով միևնույն է՝ չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինի. - «Եթե մեր բանակային կորպուսը դուրս է գալիս այդտեղից, ինձ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է երաշխիք տալ, որ մի գեղեցիկ կամ դժբախտ օր Ադրբեջանը չի հարձակվի։ Նույն Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ եթե այս գյուղերը չտանք, հաստատ պատերազմ կսկսվի, բայց եթե տանք էլ, երաշխիք չկա, որ չենք սկսի։ Բա այդ մարդու ասածը ես ի՞նչ մեկնաբանեմ։ Հել գնա, դու չես կարողանում պաշտպանել մարդկանց անվտանգությունը»։

Հանրապետականի խոսնակը հիշեցնում է նաև 2021-ի ընտրություններից առաջ Փաշինյանի խոստումները, թե Տավուշից ոչ մի թիզ հող չի զիջելու։ Իշխանությունը մինչդեռ բազմիցս է հայտարարել, որ Տավուշի մարզից տարածքներ չեն հանձնվում, դրանք նախկին ադրբեջանական գյուղեր են, որոնք Հայաստանի վերահկողությանն են անցել 90-ականներին։

«Ինքը չէ՞ր ասում՝ բոլորդ վարչապետ եք, հիմա էդ նոյեմբերյանցի վարչապետերը, ոսկեպարցի վարչապետերը, բաղանիսցի, կիրանցի ասում են, բա մեր վարչապետերի ձայները խի՞ չես լսում, այ Նիկո՛լ, հիմա դա ժողովրդի սրտո՞վ է», - հարցնում է նա։

Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի ներկայացուցիչը պնդում է՝ Հայաստանի անվտանգային հարցերի լուծման միակ ճանապարհը Փաշինյանի հեռացումն է։ Այդ մասին, ըստ Շարմազանովի, իրենք ասել են նաև Արցախի հայաթափումից առաջ։ Պատերազմի սպառանալիքով անվերջ զիջումներն, ըստ Շարմազանովի, չեն ավարտվելու։

«Նիկոլ Փաշինյանը պատերազմից անմիջապես հետո մեր զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ բերեց դեպի Սյունիք։ Երբ մենք՝ ընդդիմադիրներն ասացինք՝ ի՞նչ ես անում, նոյեմբերի 9-ում այդպիսի բան չկա, ինչո՞ւ ես մեր զորքերը հետ բերում, ինքը ասաց՝ եթե հետ չբերեի, պատերազմի վտանգ կար, հետ բերեց։ Դրանից հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմտերը տվեց, կանգնեցինք, ասացինք՝ էս ի՞նչ ես անում, առանց դեմարկացիա-դելիմիտացիայի ո՞նց ես ճանապարհը տալիս, ասաց՝ դե եթե դա չտայի, էլի պատերազմ կսկսեր, դա էլ տվեց։ Դրանից հետո Սև լճի պատմությունն եղավ՝ եկան Սևի լճի վրա, 30 տոկոսը գրավեցին, ասաց՝ հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չպիտի՞ սկսեի, եթե սկսեի, պատերազմ կլիներ։ Արցախը տվեցինք, պրծան, հիմա էլ ասում է՝ եթե Տավուշի չորս գյուղերը չտանք, պատերազմ է լինելու, էս էլ եթե տա, գնալու է, ասի՝ եթե Տիգրանաշենը չտանք, էս էլ է պատերազմ լինելու։ Հետո էլ ասելու է՝ 500, թե 600 հազար ադրբեջանցիներ էին ապրում Հայաստանում, իրենք պիտի գան, իրենց բնակավայրերն ապրեն։ Քանի Նիկոլ Փաշինյանը և այս ռեժիմը կա, մենք տալու ենք», - շեշտեց Շարմազանովը։

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումները հայտնի չեն։ Քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս պահին պլանային բուժզննում է անցնում բժշկական հաստատություններից մեկում, առաջին նախագահի գրասենյակից սահմանազատման գործընթացի վերաբերյալ պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանազատման գործընթացի շուրջ առ այս պահը որևէ հրապարակային գնահատական չի հնչեցրել: Նրա գրասենյակի ղեկավարը հեռախոսազանգերին չի պատասխանում:

XS
SM
MD
LG