Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Բագրատաշենի մոտ. ոստիկաններն ուժով բացեցին ճանապարհը (թարմացված)


23։57

Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման ենթարկված մի քանի քաղաքացիներ ազատ են արձակվել։ Հայտնի չէ, սակայն, թե քանիսն էին բերման ենթարկվել, և նրանցից քանիսն են ազատ արձակվել։

22։16

Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց ուժի գործադրմամբ բացել դեպի Բագրատաշեն ճանապարհը։

20:11

Ոստիկանները հրմշտելով ցրում են ցույցը, բացելով ճանապարհը դեպի Վրաստան: Մեքենաները հեռացվեցին ճանապարհից ոստիկանների կողմից ևս ձեռքի ուժով: Հետևեք դեպքի վայրից «Ազատության» ուղիղ միացմանը:

19։49

Ալավերդի-Նոյեմբերյան և Բագրատաշեն համայնքները իրար կապող՝ Վրաստան տանող ճանապարհին ոստիկանական զորքեր են տեղակայված, այդ թվում՝ կարմիր բերետավորներ։ Րոպեներ հետո նրանց թիվը ավելացավ։

17։13

«Ազատություն»-ը տեսանյութում քայլելով ցույց է տալիս՝ որտեղով են անցնելու սահմանազատման գծերը.

17։08

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Կոնկրետ տեղանքը, սակայն, կառավարությունը չի հստակեցնում։

16։00

Դեպի Վրաստան ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։

13:48

Կադրեր Ոսկեպարի ու Բաղանիս Այրումի հատվածից.

13:35

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը

Սևան-Երևան մայրուղին փակած մարդիկ ասում են՝ «մենք ոչ մի քաղաքական խմբից չենք՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն»:

«Քաղաքական բոլոր թևերից էլ դժգոհ ենք, ստեղ և՛ Սևանից մարդիկ կան, և՛ Գավառից, և՛ Ճամբարակից: Հիմա ստեղ տավուշցիներին ենք սատարում, չենք ուզում, որ այդ սահմանազատումը լինի», - նշեց հավաքվածներից մեկը:

12։50

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին դեպի Վրաստան գնացող ճանապարհը:

Հավաքվածների մեծ մասը գնաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետևից՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։

12։37

Այս պահին փակ է Նոյեմբերյան կենտրոնական հատվածը՝ դեպի Վրաստան տանող ճանապարհը: Բնակիչների մեկնաբանմամբ՝ այստեղ են եկել բնակիչներ բոլոր այն գյուղերից, որոնք սահմանազատման արդյունքում կարող են խոցելի դառնալ:

12:22

Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան, ասված է համայնքի տարածած հայտարարության մեջ։

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցությունից է։

11:48

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր՝ ապրիլի 23-ին, երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա, փոխանցում է կառավարությունը։

11:46

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը պատմեց՝ երեկ երևանցի բարձրաստիճան պաշտոնյաներն, ըստ էության, ասել են՝ սահմանազատումն իրականացվելու է այնպես, ինչպես հայտարարվել է։ Հստակ կետեր կան, որոնք համաձայնեցված են։

Երեկ նաև վարչապետի հետ են հանդիպել, կառավարությունից դուրս են եկել կեսգիշերին մոտ։ Այս պահին հայտնի է, որ Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում միջպետական ճանապարհի կամուրջի հատվածը։ Այդ կողմում տներ էլ կան, բայց դեռ հստակ չէ՝ դրանք էլ կանցնեն այն կողմ, թե՝ ոչ։ Դա, ըստ էության, պարզ կլինի հենց գործընթացի ժամանակ։

Կիրանցի բնակիչները խումբ - խումբ քայլում են դեպի այն հատվածը, որտեղ ճանապարհը փակ է
Կիրանցի բնակիչները խումբ - խումբ քայլում են դեպի այն հատվածը, որտեղ ճանապարհը փակ է

11:34

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար:

ԱԱԾ-ն ու Ներքին գործերի նախարարությունը հայտնում են՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում՝ նշելով՝ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում:

«Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին», - նշված է հաղորդագրությունում:

10:50

Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները քիչ առաջ Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։

Նրանք դժգոհ են փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից, ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած:

Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ:

Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։

Այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:

10:00

Բաղանիսում իրավիճակը լարված է՝ ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն:

Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG