Մատչելիության հղումներ

Ալիև․ «Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում միջազգային համաժողովի ժամանակ, Բաքու, 23-ը ապրիլի, 2024թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում միջազգային համաժողովի ժամանակ, Բաքու, 23-ը ապրիլի, 2024թ.

«Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև»․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս բոլոր հայտարարությունները հնչեցին այսօր՝ տարեվերջին Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ։

«Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում են խառնվել այլ երկրի ներքին գործերին։ Ես դա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության տեքստում հիշատակված է Անկախության հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրված է, որ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն։ Այնպես որ, երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն Սահմանադրությունը, ոչ թե որովհետև ես կոպիտ եմ և ամբարտավան, այլ որովհետև դա նախապայման է», - հայտարարում էր Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով, սակայն, դա Հայաստանի Սահմանադրությունում կատարվելիք միակ փոփոխությունը չպետք է լինի։

«Կարծում եմ՝ նույնն է նաև ազգային խորհրդանիշի՝ Արարատ լեռան պարագայում», - հայտարարում էր Ալիևը՝ օգտագործելով լեռան թուրքական անվանումը։ - «Այն պետք է փոխվի։ Նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»։

Ադրբեջանի նախագահն այսօր խոսում էր նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, թե Երևանը պարտավոր է կատարել եռակողմ հայտարարության 9-րդ կետը։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա, ճիշտ է, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարություն տեքստում այդ բառակապակցությունը չի հիշատակվում, սակայն ասվում է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը պետք է վերահսկի այդ ուղին։ Դրա տակ ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանն ու ես։ Այժմ, սակայն, Հայաստանը արդեն ավելի քան երեք տարի է ինչ ոտնահարում է այդ կետը, բայց չէ՞ որ դա իրենք են ստորագրել։ Այժմ նրանք փորձում են ազատվել այդ կետից։ Դա, սակայն, անհնար է», - ասաց Ալիևը՝ շարունակելով. - «Նրանք արգելափակում են Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ ցամաքային ուղու կառուցումը։ Սա շատ հիասթափեցնող պահվածք է։ Ինչպես է ստորագրվել եռակող հայտարարությունը՝ այլ պատմություն է, ինչ պայմաններում է այն ստորագրվել՝ բոլորը գիտեն, բայց այնտեղ Հայաստանի վարչապետի ստորագրությունն է դրված, և այն պետք է հարգել»:

Իլհամ Ալիևն այս հանդիպման ընթացքում այսօր առաջին անգամ մեկնաբանեց նաև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքների` Ադրբեջանին հանձնման գործընթացը՝ ընդգծելով, որ սահմանազատումը հնարավոր է դարձել որևէ երրորդ կողմի միջամտության բացառման շնորհիվ։

«Այն, ինչ տեղի է ունենում այժմ մեր սահմանին, ցույց է տալիս, որ երբ մեզ միայնակ են թողնում, և որևէ մեկը չի ցանկանում օգտագործել այս իրավիճակն իր քաղաքական հավակնությունների համար, մենք ավելի արագորեն կարող ենք համաձայնության գալ», - պնդում էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևն այսօր խոսում էր նաև Ադրբեջանի կողմից պահանջվող ևս չորս գյուղերի՝ Յուխարի Ասքիփարայի, Բարխուդարլուի, Սոֆուլուի և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքիի) մասին. - «Այդ էքսկլավային գյուղերի հարցն ավելի բարդ է քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի տարածքով: Դրանց հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի ընթացքում»։

Դիմելով արևմտյան փորձագետներին՝ Ադրբեջանի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ մոտ ապագայում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, որի կազմակերպիչ, բայց ոչ միջնորդ որպես հանդես կգա պաշտոնական Աստանան։

«Մեզ է դիմել Ղազախստանը՝ իր տարածքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Մենք այդ առաջարկն ընդունել ենք, եթե Հայաստանն էլ դրական պատասխան տա, արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում։ Խոսքը, սակայն, ոչ թե միջնորդական ջանքերի, այլ բանակցությունների համար հարթակի տրամադրման մասին է, և մենք երախտապարտ ենք Ղազախստանի իշխանություններին այս առաջարկի համար», - ասում էր Ալիևը։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ադրբեջանի նախագահը պնդում էր, թե դրա կնքումը այսօր ավելի քան իրական է։ «Առարկայական բանակցությունները նոր-նոր են մեկնարկում», - հայտարարեց Ալիևը՝ նշելով, որ դրանց հաջող ավարտի համար ժամանակ և քաղաքական կամք է հարկավոր։

«Մենք այժմ ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչ տեսք պետք է ունենա խաղաղության պայմանագիրը։ Պարզապես հարկավոր է դետալների մշակման ուղղությամբ աշխատել։ Երկու կողմերին էլ ժամանակ է անհրաժեշտ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Բաքուն և Երևանը դեռ երբեք խաղաղության պայմանագրի ստորագրմանն այսքան մոտ չեն եղել», - վստահեցնում էր Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG