Մատչելիության հղումներ

Հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովները


Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահած հանձնաժողովներն անդրադարձել են սահմանազատման հարցերին և սկսել համաձայնեցնել հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագիծը, նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը։

«Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը», - փոխանցում է հայկական կողմը։

Սահմանազատման հանձնաժողովի վերջին՝ հունվարյան հանդիպումից կողմերը ոչ մի մանրամասն չէին ներկայացրել, օրերս, սակայն, Մհեր Գրիգորյանի գրասենյակից փաստացի առաջին անգամ հրապարակել էին Հայաստանի պահանջած 31 ոչ անկլավային տարածքների մանրամասն ցանկը։

Փոխվարչապետի գրասենյակը նաև հայտնել էր՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատել, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։

Փետրվարի վերջին էլ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովներն այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը, որի ավարտից հետո այն կդրվի ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG