Մատչելիության հղումներ

Դրական սպասումների երաշխիքներ գոյություն չունեն. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, 10 ապրիլի, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, 10 ապրիլի, 2024թ.

Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քմ տարածք ունեցող երկիրն է. վարչապետ

Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քմ տարածք ունեցող երկիրն է, այսօր հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի հաշվարկով՝ սա է իրական Հայաստանի չափը, և պատմականից պետք է անցում կատարել այս իրականին, հենց այս առաքելությունն ունի Փաշինյանի կառավարությունը։

«Եվ այդ առաքելությունն անցումն է պատմական Հայաստանից իրական Հայաստան, և դա տեղի է ունենում հենց այսօր՝ հենց հիմա», - այսօր ասաց նա։

Խորհրդարանում վարչապետի մեկ ժամանոց ելույթի առանցքում պատմականից իրականին անցնելու ճանապարհի նկարագրությունն էր. - «Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

Պատմականից հրաժարվելով ու Փաշինյանի նկարագրած չափերի մեջ մնալու դեպքում երաշխիք կա՞, որ Հայաստանում անվտանգություն կլինի, վարչապետը չի խոստանում. - «Պիտի պնդեմ, որ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն։ Բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումն, այս ուղղությամբ հետևողական աշխատանքն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ, ուրիշ ճանապարհ պարզապես չկա»։

Հենց այս ելակետից են մոտենում մարտահրավերներին, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Բայց դա էլ, ըստ նրա, Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու երաշխիք չէ։

«Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյոք անվտանգություն, չի երաշխավորում անվտանգություն», - ասաց նա։

Ընդդիմության արձագանքը. «Իրական հայրենիքը ինքը վերածում է պատմականի»

«Իրական հայրենիքը ինքը վերածում է պատմական հայրենիքի, հետո գալիս, այսպես խոհափիլիսոփայական մտքեր է շարադրում, իր սխալների պատճառով է տեղի ունեցել այն ամբողջ ողբերգությունը, որի մեջ մենք հիմա ապրում ենք», - ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատմական ու իրական Հայաստանի հակադրության թեման Փաշինյանը բացել է սեփական պատմական սխալներն արդարացնելու համար, քննադատում է ընդդիմադիր պատգամավորնն ու հարցնում՝ Փաշինյանի որդին պատմակա՞ն հայրենիքում էր ծառայում. - «Արցախը իրական հայրենիք է եղել 30 տարի շարունակ, այնտեղ մարդիկ են ապրել, ինքն էլ բազմաթիվ անգամներ գնացել է, եկել է, իր որդին Արցախում է ծառայել։ Հիմա իր որդի Աշոտը պատմակա՞ն հայրենիքում էր ծառայում, չէ իրական հայրենիքում էր չէ՞ ծառայում»։

Պատմությունից հրաժարվելու ու զիջողական տրամաբանությամբ առաջնորդվելով՝ Փաշինյանն իր նկարագրած իրական Հայաստանն էլ է դարձնում պատմական, վարչապետին հակադարձում է «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը։

«Այսպես որ շարունակվի, և այդ տրամաբանությամբ, այդ զիջումներով, որ այսօրվա իշխանություններն են գնում, որից ինքը խուսափում է խոսել, իրականության մեջ մեր իրական Հայաստանը մի օր դառնալու է պատմական Ադրբեջան, բայց սրանից թող խուսափի», - ասաց նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանի այս հակադրությունը Հայաստանի շահերից չի բխում. - «Ադրբեջանի ու թուրքական շահերը սպասարկելու հերթական հայտարարություն էր»։

Իրանի հետ մեր հարաբերությունները չենք հակադրել. Փաշինյան

Իսկ ի՞նչ սպասել իրական Հայաստանի՝ Արևմուտքի հետ մերձենալու նոր քայլերից, երաշխիք կա՞, որ Ադրբեջանը չի հարձակվի, Հայաստանն ավելի անվտանգ կլինի։ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ Բրյուսելում բարձր մակարդակով հանդիպումն էլ այն մասին չէ, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները գալու են, լուծեն Հայաստանի խնդիրները։

«Մեզանում երբեմն արհեստական, բայց երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն մեր խնդիրները։ Մեր խնդիրների լուծման մեթոդաբանության մեջ հետևյալ փոփոխությունն է պետք կատարել՝ արձանագրել և ամրացնել այն գիտակցումը, որ մեր խնդիրները, մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք մի պարզ պատճառով, որ դրանք մեր խնդիրներն են», - ասաց նա։

Արևմուտքի հետ մերձենալով տարածաշրջանում բախումներ հրահրելու մտահոգություններին էլ անդրադարձավ կառավարության ղեկավարը. -
«Եվ Իրանի հետ մեր ունեցած հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Արևմուտքի հետ մեր հարաբերություններին», - նշեց Փաշինյանը։

Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար լավագույն ժամանակները չեն, ասաց նա։ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ լարվածությունը պատմական Հայաստանից իրականին անցնելու պատճառով է։

XS
SM
MD
LG