Մատչելիության հղումներ

Ուր են հասել ՀՀ-ԵՄ քննարկումները՝ անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում. Մանրամասներ Բրյուսելից


«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Անցած տարի վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ գնդակն այժմ Եվրամիության դաշտում է՝ որոշելու, թե որքան սերտ կարող են լինել Հայաստանի հետ հարաբերությունները։

Պետեր Ստանո․ - Երկու գործընկերների հարաբերությունների բնույթը միշտ կախված է նրանց հավակնություններից: Այնպես որ, դա, իհարկե, կախված չէ միայն Բրյուսելից կամ միայն Երևանից։ Դա կախված է նրանից, թե որտեղ ենք մենք ցանկանում միասին լինել և որքան հեռու ենք ուզում գնալ մեր համագործակցությունն ամրապնդելու համար: Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց։ Եվ սա հիմնված է ընդհանուր վճռականության վրա:

«Ազատություն». - Կարո՞ղ եք մանրամասնել՝ սա նշանակում է խորացնել հարաբերությունները արդեն իսկ գոյություն ունեցող Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակներում, նոր համաձայնագիր ստորագրել, թե՞, միգուցե, Հայաստանին տալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։

Պետեր Ստանո․ - Մեր ընթացիկ աշխատանքում մենք հիմնվում ենք այն հենքի վրա, որ ունենք։ Միաժամանակ արդեն առաջ ենք տանում դա գործընկերության նոր օրակարգով, որը համաձայնեցվել է երկու ամիս առաջ և կրկին ամրապնդվել Բրյուսելում։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, նախագահ Ֆոն դեր Լայենի, բարձր ներկայացուցիչ Բորելի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, իհարկե, ընդգծեց կամ ձևակերպեց՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, իհարկե, ելնելով մեր ունեցած հնարավորություններից, միաժամանակ գիտակցումից, որ մենք մեր ունեցածն ավելի ենք ընդլայնում և բերում նոր, ավելի բարձր մակարդակի, որովհետև ուզում ենք համագործակցել՝ առավել սերտ ու ընդարձակ, և առավել լայն հարցերի շուրջ ու ավելի շատ ոլորտներում։

«Ազատություն». - Հայաստանցիների համար այսօր անվտանգությունն է ամենամեծ մտահոգությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը անցած հոկտեմբերին Երևանում հայտարարեց, որ Եվրամիությունը կարող է ավելին անել՝ օգնելու Հայաստանին։ Նա, մասնավորապես, գրավոր դիմում էր ուղարկել Եվրամիության արտգործնախարարին, որպեսզի Հայաստանը ևս ներառվի Խաղաղության մեխանիզմից օգտվող երկրների ցանկում։ Սակայն, առաջընթացն այս ուղղությամբ դանդաղ է, մինչդեռ Հայաստանն անհետաձգելի օգնության կարիք ունի:

Պետեր Ստանո․ - Սա անդամ երկրների որոշելիքն է, քանի որ խոսքը անվտանգության քաղաքականության մասին է, ինչը մի ոլորտ է, որ գտնվում է անդամ պետությունների խիստ վերահսկողության ներքո, և այնտեղ ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Բայց նրանք աշխատում են դրա վրա։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են, և ինչ-որ պահի որոշում կկայացվի։ Բայց ԵՄ-ում գործընթացները որոշակի ժամանակ են պահանջում, հատկապես, հաշվի առնելով, որ դրա շուրջ պետք է կոնսենսուս լինի բոլոր 27 անդամ պետությունների միջև։

«Դա մեծապես տեխնոկրատական գործընթաց է». վիզաների ազատականացման մասին

«Ազատություն». - Մեկ այլ հարց, որ տևական ժամանակ է՝ հուզում է հայաստանցիներին. վիզաների ազատականացումը։ Մի կողմից՝ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, մյուս կողմից, Բրյուսելը դեռ ուսումնասիրում է այս հարցով երկխոսություն սկսելու հնարավորությունները։ Ո՞րն է ուշացման պատճառը՝ եվրոպական վարչարարությո՞ւնը, որոշ անդամ երկրների դժկամությու՞նը, թե՞ Հայաստանն է, որ չի կատարում իր պարտավորությունները

Պետեր Ստանո․ - Նախ ուշացում չկա, քանի որ դրա համար պետք է ունենալ ժամանակացույց։ Ոչ ոք ժամանակացույց չի սահմանել։ Վիզաների ազատականացումը նման է Եվրամիության մյուս գործընթացներին: Դա շատ մանրակրկիտ, մեծապես տեխնոկրատական գործընթաց է, ի վերջո՝ նաև քաղաքական, քանի որ որոշումը պետք է հաստատվի անդամ պետությունների կողմից: Այստեղ է պատասխանը Ձեր հարցին, թե ինչո՞ւ է դա այդքան երկար տևում։ Որովհետև անդամ պետությունները պետք է գտնեն լավագույն ճանապարհը՝ համոզվելու, որ իրենք գոհ են բոլոր այն չափանիշներից, որոնք կատարվել են, որ ունեն բավարար երաշխիքներ, որ վիզային ռեժիմի ազատականացումը չի չարաշահվի և այլն։ Կան տեխնիկական, անվտանգային և այլ նկատառումներ, որոնք անդամ պետությունները հաշվի են առնում որոշումներ կայացնելիս։ Որոշումը նրանք պետք է կայացնեն։ Բայց մենք հայտարարել ենք, որ վիզային ռեժիմի ազատականացումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության հետ զուգահեռ այն ոլորտներն են, որտեղ մենք ցանկանում ենք ավելի մանրամասն քննարկել գործնական արդյունքների հասնելու հնարավորությունները։ Այնպես, որ պատրաստակամությունը կա։

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծումը գտնեն. ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել»

«Ազատություն». - Մեկ այլ զգայուն հարց է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան։ Երևանը պնդում է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի վրա հարձակումներով ռազմավարական բարձունքներ ու տարածքներ են գրավել, Բաքուն հերքում է սա։ Կարո՞ղ է Եվրամիությունն օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և կա արդյոք Բրյուսելում նման պատրաստակամություն

Պետեր Ստանո․ - Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ներգրավված դրանում՝ բարձր ներկայացուցիչ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել։

«Ազատություն». - Խոսելով բանակցային գործընթացից՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շարլ Միշելը ակտիվորեն զբաղվում էր այս հարցով մոտ երկու տարի, պարբերաբար խոսելով առաջընթացի մասին։ Անցած մայիսին, օրինակ, նա չէր բացառել, որ գերիները կարող են տուն վերադառնալ, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց, գերեվարելով նոր մարդկանց։ Ո՞ր կողմն էր, որ խախտեց պայմանավորվածությունը, արդյո՞ք Եվրամիությունը չպետք է լծակներ գործադրի, կամ՝ պատիժներ այս դեպքում։

Պետեր Ստանո․ - Եվրամիությունն այստեղ չի կարող մրցավարի դեր խաղալ։ Մենք չենք կարող կարգավորման գործընթացում գլխավոր դերը ստանձնել, մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, եթե կուզեք, քանի որ խոսքը միջազգային իրավունքի հարգման մասին է։ Մենք ոչ թե լծակ ենք գործադրում, ոչ թե պարտադրանք՝ ինչ-որ մեկին ստիպելու ինչ-որ բան անել, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել։ Վերջ ի վերջո, կրկին ընդգծեմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն է, որ պետք է պայմանավորվեն։ Եվրամիությունը նույն դիրքորոշումն ունի ամբողջ աշխարհում: Եթե մենք մի փոքր հեռանանք և դա դիտարկենք ավելի լայն տեսանկյունից, ապա Եվրամիությունը նպաստում է Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորմանը, որ շարունակվում է ավելի քան 10 տարի, և այս երկրները շատ ավելի մոտ են Եվրամիությանը։ Մենք հեշտացնում ենք գործընթացը, բայց չենք կարող ստիպել նրանց լուծում գտնել, քանի դեռ նրանք չեն տեսնում, որ այս լուծումը երկուսի համար էլ լավ փոխզիջում է։ Նույնն է Իսրայելի և Պաղեստինի դեպքում։ Այնտեղ շատ երկար ժամանակ կարգավորման գործընթաց է եղել, բայց քանի դեռ երկու կողմերը պատրաստ չեն, ուրիշ ոչ ոք չի կարող լուծում պարտադրել։

Մենք երկրներին և գործընկերներին ինչ-որ բան պարտադրելու գործով չենք զբաղվում։ Մենք շեշտում ենք միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։ Մենք շեշտում ենք հաշտության, բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, քանի որ դրանք քաղաքակիրթ կյանքի սկզբունքներն են։ ԵՄ-ում մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարում հարցերը լուծում են քննարկումների միջոցով, ոչ թե ուժով։

«Ազատություն». - Երբ ինչ-որ մեկը խախտում է միջազգային իրավունքը, չպե՞տք է պատասխան տա դրա համար։

Պետեր Ստանո․ - Երբ խախտվում է միջազգային իրավունքը, մենք ունենք Միավորված ազգերի կազմակերպություն, ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ցանկացած երկիր ազատ է հարցերը բերել Անվտանգության խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան, Միջազգային քրեական դատարան։ Սա է գոյություն ունեցող համակարգը, որը մենք ցանկանում ենք ամրապնդել։ Մենք պետք է այնպես անենք, որ միջազգային իրավունքը կիրարկվի, և դրա կատարման մի մասն էլ լինի կարգավորման գործընթացը, բանակցային գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ, և տեղի է ունենում կարգավորման գործընթաց՝ անկախ ձեր նշած միջադեպերից, որոնք եղել են և, ցավոք, հավանաբար դեռ կլինեն։ Բայց սա ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչու բոլորը պետք է իրենց առավելագույն ջանքերը ներդնեն լուծումներ գտնելու համար: Որովհետև, ի վերջո, ԵՄ-ն չէ, որ տուժում է։ Տուժում են մարդիկ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, որովհետև անկայունության մթնոլորտում մշտապես ապրելը՝ մտածելով, թե ինչ կլինի, կլինի արդյոք նոր հակամարտություն, թե՝ ոչ, ոչ մեկին չի օգնում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։

«Շարունակում ենք դիմել ադրբեջանցի գործընկերներին՝ երաշխիքներ տրամադրել Արցախից տեղահանվածներին, որ կարող են վերադառնալ առանց որևէ սպառնալիքի»

«Ազատություն». - Մենք կրկին լսեցինք արցախահայերին հավելյալ աջակցություն տրամադրելու մասին, բայց որևէ բառ չասվեց նրանց՝ հայրենիքում ապահով ու արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի մասին։ Այս հարցը փակվա՞ծ է Բրյուսելի համար:

Պետեր Ստանո․ - Անտարակույս այս հարցը դեռ սեղանին է։ Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան։ Մենք ասում էինք՝ տեսեք, կա խնդիր, կա մի հարց, որը մնացել է շատ բարդ անցյալից, եկեք լուծենք այն որպես քաղաքակիրթ համայնք՝ բանակցային սեղանի շուրջ։ Դա, ցավոք, հնարավոր չդարձավ Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով։ Ահա թե ինչու Եվրամիությունը շատ արագ տրամադրեց լրացուցիչ օգնություն Լեռնային Ղարաբաղից փախած մարդկանց համար: Եվ մենք հանձնառու ենք շարունակել օգնել Հայաստանին այս խնդրի լուծման գործում: Սա մեր օրակարգի հարցերից է, և փակ չէ, քանի որ մեծ թվով՝ հարյուր հազարից ավելի մարդու է վերաբերում:

«Ազատություն». - Դուք այդ հարցի լուծումը տեսնում եք Հայաստանի հետ աշխատելով, թե՞ պահանջելով Ադրբեջանից երաշխավորել նրանց իրավունքները:

Պետեր Ստանո․ - Աշխատելով բոլոր ներգրավված կողմերի հետ, որովհետև մեր հիմնական պահանջներից մեկը, որը մենք շատ պարզ դրեցինք, երբ խնդիրը սկիզբ առավ, երբ սկսվեց զանգվածային արտագաղթը, և դա փոխանցվել է նաև մեր ադրբեջանցի գործընկերներին, այն էր, որ պետք է երաշխավորվի այս մարդկանց վերադառնալու և անվտանգ ապրելու իրավունքը: Ու մենք շարունակում ենք դիմել ադրբեջանցի գործընկերներին՝ երաշխիքներ տրամադրել և շատ անկեղծ ու հստակ ասել այս մարդկանց, որ նրանք կարող են վերադառնալ առանց որևէ սպառնալիքի և առանց որևէ մտահոգության, որ նրանց ունեցվածքը պետք է հարգվի, ինչպես նաև պետք է հարգվեն մշակութային և կրոնական խորհրդանիշներն ու սեփականությունը։ Այս հարցը փակված չէ, և մենք այն բարձրացնում ենք ամեն անգամ, երբ հնարավորություն ենք ունենում, Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ։

«Ազատություն». - ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ եվրոպացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջերս մի ծրագիր առաջարկեց՝ ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ փոխարինելով Ռուսաստանի սահմանապահ ծառայության՝ ФСБ-ի սահմանապահներին։ Այս գաղափարը քննարկվե՞լ է, արդյոք այն իրատեսական է։

Պետեր Ստանո․ - Մենք տեղյակ ենք տարբեր դերակատարների բազմաթիվ առաջարկների մասին, բայց ըստ Եվրամիության աշխատակարգի, երրորդ երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերը քննարկվում են անդամ պետությունների կողմից, այսինքն՝ տվյալ պահին գործող կառավարությունների կողմից։ Մեր դեպքում, օրինակ, դա Արտաքին հարաբերությունների խորհուրդն է։ Նոյեմբերին, երբ արտգործնախարարները քննարկում էին Հայաստանի հետ հետագա համագործակցության հարցերը, նրանք մատնանշեցին երեք ոլորտ, որտեղ մենք կարող ենք ավելին անել՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը, Հայաստանի տնտեսության և հասարակության դիմակայունության ամրապնդումը և վիզային ռեժիմի ազատականացումը։ Սրանք են այն ոլորտները, որոնք ԵՄ-ն նախանշել է և որոնց վրա հենց հիմա ցանկանում է կենտրոնանալ: Մենք հստակեցրել ենք նաև այլ ոլորտներ, որտեղ ցանկանում ենք կենտրոնացնել մեր ընդլայնված համագործակցությունը՝ կապի, էներգետիկայի ոլորտ, տնտեսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այնպես որ, իհարկե, առաջարկները շատ են, բայց ի վերջո խոսքը Հայաստանի ներկայացրած պահանջի և ի պատասխան Եվրամիության ներկայացրած առաջարկի մասին է, և եթե դրանք համընկնեն, կարելի է պայմանավորվել։

«Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է»

«Ազատություն». - Հայտարարվեց, որ Հայաստանն էլ տնային առաջադրանք ունի անելու՝ հարաբերությունները սերտացնելու համար։ Արդյոք այդ շարքում է նաև Ռուսաստանի առաջնորդած դաշինքները լքելու հարցը:

Պետեր Ստանո - Հայաստանի համար սահմանված տնային աշխատանքն ավելի շատ բարեփոխումները շարունակելու իմաստով էր։ Մենք խոսում ենք Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ը մոտեցնելու մասին։ Եվ դա ներառում է, իհարկե, բարեփոխումների վրա աշխատանք՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և բարեփոխում, իհարկե, անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ, օրենքի գերակայության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։ Եվ այս հարցում Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել։ Սա գնահատվեց այսօր և շարունակում է գնահատվել: Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ պետք է բարելավվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններին, ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է, կամ՝ լավ է, կամ՝ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը: Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում։

Հարցազրույցը կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG