Մատչելիության հղումներ

Երևանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը. նրան դիմավորեցին բողոքի ակցիայով


Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց, 8-ը ապրիլի, 2024թ.
Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց, 8-ը ապրիլի, 2024թ.

Պաշտոնական այցով Հայաստանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Մարիա Բուրիչն այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետին։ X-ի իր միկրոբլոգում Բուրիչը Փաշինյանի հետ հանդիպմանը «գերազանց» բնորոշումն է տվել, հայտարարել՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Երևանին բարեփոխումների հարցում։

Ըստ կառավարության՝ Պեյչինովիչ Բուրիչն այդ հանդիպմանն ասել է, որ մարտահրավերներով լի ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ, ասված է հաղորդագրությունում։

Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Բուրիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները։ Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերին անդրադարձ է եղել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։

Արտգործնախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը, ասված է հաղորդագրության մեջ։

Անցած տարեվերջին Բուրիչը Բաքու էր այցելել, հանդիպել Ադրբեջանի նախագահին ու արտգործնախարարին։

Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի քարտուղարը ողջունել էր Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող երկխոսությունն ու երկու կառավարությունների միջև գերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը։ Այս պայմանավորվածության արդյունքում Բաքուն անցած տարեվերջին ազատ արձակեց 32 հայ գերիների, հայկական կողմն, իր հերթին, երկու հոգու հանձնեց Ադրբեջանին։

Եվրոպացի պաշտոնյայից այսօր չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ, թե Եվրոպայի խորհուրդն ինչ բարեփոխումներում է աջակցելու կառավարությանը, ինչ է անում կառույցը Բաքվի բանտերում պահվող մյուս հայ գերիներին ազատ արձակելու համար։ Նա հրաժարվեց մեկնաբանություններից։

Եվրոպացի դիվանագետի այցն այսօր Հայաստանի արտգործնախարարություն ուղեկցվեց ընդդիմության բողոքի ակցիայով:

Ընդդիմադիրները պահանջում են, որ Եվրոպայի խորհուրդը ճնշում գործադրի Երևանի վրա, իրենց ձևակերպմամբ, հայաստանյան բանտերում պահվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համաձայն՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

«Պահանջը շատ հստակ է՝ պիտի արձանագրվի, որ այո, Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի իրավունքն իրացնող քաղաքացիները հետապնդվում են, և դա քաղաքական հետապնդում է, հետևաբար իրենք քաղաքական բանտարկյալներ են», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Արտգործնախարության շենքի առջև հավաքված քաղաքացիները պահանջում էին նաև, որ մարդու իրավունքներով զբաղվող առաջատար կազմակերպությունը ճնշում բանեցնի Բաքվի վրա։

«Մեր հայրենակիցներն են, որոնց բոլորի համար մեր բոլորի սիրտը ցավում է անզորությունից, որովհետև Բաքվի բանտում են, մենք ոչինչ անել չենք կարող։ Եվ մենք վստահ էինք, որ այս շենքում դրա մասին չէին խոսում, չէին խոսելու, չէին խոսելու, որ Եվրոպայի խորհուրդը ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ, խոսի այդ հարցի մասին, պահանջի, որպեսզի ազատ արձակվեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, նախկին նախագահները», - ասց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։




XS
SM
MD
LG