Մատչելիության հղումներ

«Վարկառուների ոսկիները վերադարձնում ենք». կառավարությունն իր վրա է վերցնում արցախցիների մինչև 5 մլն դրամ վարկերի բեռը


Կառավարությունն այսօր որոշեց ներել Արցախից բռնի տեղահանվածների վարկերը, որոնք վերցվել էին ոսկու գրավադրմամբ և վերադարձնել նաև գրավադրած ոսկին: Պետությունն այդ վարկային պարտավորություններն իր վրա կվերցնի:

Կառավարությունն իր վրա է վերցնում մինչև 5 միլիոն դրամ վարկերի բեռը: Այս որոշումը վերաբերում է ավելի քան 6000 արցախցու, նրանք ընդհանուր առմամբ 2.8 միլիարդ դրամի վարկ էին վերցրել տարբեր բանկերից՝ գրավադրելով ոսկյա իրեր:

Բռնի տեղահանությունից առաջ արցախցիների մեծ մասը, ըստ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, իրենց ոսկին հետ է վերցրել, այժմ 1800 արցախցու 7800 ոսկյա իրեր են բանկերում գրավադրված՝ ընդհանուր առմամբ 30 կիլոգրամ քաշով և 2.3 միլիարդ դրամ արժողությամբ:

«Էդ գրավադրված ոսկիների մի մասը մինչև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը որոշ վարկառուներ ստացել են, հիմա 1800 քաղաքացու մասով ունենք, որ այդ ոսկիները գտնվում են բանկում, որի գրավի իրավունքը պատկանում է կառավարությանը, որովհետև մենք վերցրել ենք՝ մեր նախկին որոշմամբ: Հիմա էս 1800 վարկառուների ոսկիները վերադարձնում ենք իրենց», - ասաց նախարարը:

Բռնի տեղահանված արցախցիների վարկերի մեծ մասը՝ ոչ մեծ գումարներն են՝ 6 հազարից ավելի քան 5 հազարի վարկային պարտավորությունը չի գերազանցում 500 հազար դրամը: 1-2 միլիոն ՝ մի քանի հարյուր հոգի էր պարտք վերցրել, 2 -ից 5 միլիոն վերցրածների թիվը չի գերազանցում 4 տասնյակը:

«Այսինքն՝ 6000-ի միջից մինչև 500 հազար դրամը 5241 վարկի մասին է խոսքը, ինչը նշանակում է, վարկերի 80 տոկոսը 500 հազար դրամ են, ինչը նաև մարդու սոցիալական կարգավիճակի մասին որոշակի տեղեկատվություն տալիս է», - նշեց վարչապետը:

Ոսկու գրավադրմամբ 5 միլիոն դրամից ավելի վարկ ունեցողները 5-ն են: Նրանց հարցը Ֆինանսների նախարարությունն առանձին կքննի:

Վարչապետ Փաշինյանն առաջարկեց քննության առարկա դարձնել նաև 2.5 միլիոնից ավելի վարկ ունեցողների դեպքերը: Բայց վերջնական որոշում այս հարցով դեռ չկա. - «Հիմա հստակ է, որ մինչև 2,5 միլիոնը անվերապահ վերադարձնո՞ւմ ենք, մանավանդ, որ թիվը մեծ չի, մի հատ լրացուցիչ ուսումնասիրենք, որ հետո չպարզվի, որ ինքներս առանց իմանալու կանգնել ենք մի իրադրության առաջ, որի հետ կապված անհարմար իրադրություններ են»:

Եթե բռնի տեղահանված արցախցիները մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը կարողացել էին մարել ոսկու գրավով վերցրած իրենց վարկը՝ մասամբ կամ ամբողջովին, ապա այս որոշումից հետո մեկ ամսվա ընթացքում կարող են դիմել Ֆինանսների նախարարություն և ստանալ իրենց վճարածի չափով գումար՝ որպես պետական աջակցություն:

Տեղահանված արցախցիները դիմումները կարող են ներկայացնել վաղվանից՝ անձամբ, կամ օնլայն, ստորագրել պարտքի ներման համաձայնագիր, ապա արդեն այդ համաձայնագրի հիման վրա ստանալ բանկում գրավադրված ոսկին:

XS
SM
MD
LG