Մատչելիության հղումներ

«Խաղաղության խաչմերուկը» փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար. Ղազախստանի ԱԳ նախարար


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Ղազախստանի արտգործնախարարը երեկվանից է Հայաստանում աշխատանքային այցով։ Այսօր երկու նախարարներն առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպում պատվիրակությունների մասնակցությամբ և ստորագրել են 2024-25թթ. գործողությունների ծրագիրը։

Միրզոյանի խոսքով՝ ինքն իր ղազախ գործընկերոջը ներկայացրել է խաղաղության գործընթացը, դարձյալ ընդգծել Ալմա-Աթիի հռչակագրի կարևորությունը, որով ճանաչվել են նորանկախ պետությունների սահմանները, նշել է, որ տրանսպորտային հարցերում նոր հնարավորությունների բացահայտումը կարևոր է երկու երկրների համար էլ:

«Ես հնարավորություն ունեցա նաև իմ գործընկերոջը ներկայացնել այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը, դուք գիտեք «Խաղաղության խաչմերուկի» մասին, մենք այսօր խոսեցինք այդ մասին, լոգիստիկ հնարավորություններ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Իհարկե, նաև իմ սիրելի գործընկերոջը ներկայացրեցի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը», - լրագրողներին ասաց Միրզոյանը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծին անդրադառնալով՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն նշեց, որ դա փոխլրացնող հնարավորություն կարող է լինել երկու երկրների համար, և որ աշխատելու են, որ միջին միջանցքը լիարժեք աշխատի։

«Հարգելի Արարատ Միրզոյանը ուշադրություն հրավիրեց, որ Հայաստանում իրագործվում է «Խաղաղության խաչմերուկը»։ Ես կարծում եմ, որ դա փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար, և մենք մտադիր ենք միասին աշխատել մեր գործընկերների հետ, որ միջին միջանցքը վերջապես իրագործի իր ներուժն ամբողջությամբ», - ասաց նա։


Միջին միջանցքն այլ կերպ կոչվում է տրանսկասպյան տրանսպորտային ուղի և ձգվում է Չինաստանից Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական երկրներ: Ղազախստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը կարևոր նշանակություն ունի իրենց համար:

Մուրատ Նուրթլեուն մոտ մի տարի է, ինչ Ղազախստանի արտգործնախարարն է, նախկին ԱԳ նախարար Մուխթար Թլեյբերդին Հայաստանում էր 2022 թվականին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հավաքին: Ընդհանրապես ղազախստանցի պաշտոնյաների այցերը մինչ այս ավելի հաճախ կապված էին ՀԱՊԿ-ի կամ Եվրասիական տնտեսական միության հավաքների հետ: Արտգործնախարարների այս հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, սակայն, ՀԱՊԿ-ի և այդ կառույցի հետ կապված խնդիրների մասին ոչինչ չասվեց։ Ղազախստանի արտգործնախարարը միայն հպանցիկ նշեց, որ կարևորում է համագործակցությունը տարբեր կազմակերպություններում։

«Մեր երկրների դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ մոտ են, մեր կարծիքները հաճախ համընկնում են։ Այդ պատճառով մենք հատուկ ուշադրություն հատկացրինք անվտանգությանը և կայուն զարգացման ապահովմանը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Մեր հարաբերությունների զարգացման մեջ զգալի ներդրում ունի մեր փոխհամագործակցությունը տարբեր կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ- ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն», - ընդգծեց նախարարը:

Իր հերթին Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանի համար կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր երկրների հետ։

«ՀՀ-ն շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր արևելք, մինչև Արևելյան Ասիա, և իհարկե Ղազախստանի հետ հարաբերությունները իրենց շատ կարևոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից, մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր այս հարաբերությունների զարգացման համար», - նշեց նա։


XS
SM
MD
LG