Մատչելիության հղումներ

Հայաստանն ակնկալում է Իրանի անմիջական ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու հարցում


«Հայաստանն ակնկալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում», - գրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը իրանական IRNA լրատվական գործակալության կայքէջում հրապարակած հոդվածում:

«Խաղաղության խաչմերուկի» հիմնաքարային իմաստը հաղորդակցային նոր կապուղիների ստեղծումն է, դրանց վերագործարկումն ու զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, կրկին գործարկելու միջոցով, որոնք անցնում են մեր տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջով», - գրում է Կոստանյանը՝ ընդգծելով. - «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը»:

«Այդ ուղղությամբ, ի դեպ, այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ», - նշում է փոխարտգործնախարարը:

«Խաղաղության խաչմերուկի» գործարկումը, ըստ Կոստանյանի, «հնարավորություններ կստեղծի կյանքի կոչել տնտեսական մեծ ներուժ ունեցող Պարսից ծոցը և Օմանի ծոցը Սև ծովին կապող միջազգային տարանցիկ ուղիները և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը»:

«Դրան զուգահեռ նոր պայմաններ կստեղծվեն Մեղրիի երկաթուղին վերականգնելու համար, որը ևս մեկ լրացուցիչ կապ կդառնա Հայաստանի և Իրանի միջև: Վերականգնվող այդ երկաթգիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև որակապես նոր հաղորդակցություն կապահովի Հայաստանի հարավային և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Չպետք է թերագնահատել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը, որը առևտրատնտեսական բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար:

Կարևոր եմ համարում, որ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կընձեռի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով ամրապնդել հաղորդակցային կապը մեկ այլ կարևոր գործընկերոջ՝ Հնդկաստանի Հանրապետության և մասնավորապես հանգուցային համարվող Չաբահար նավահանգստի հետ: Փաստացիորեն, «Խաղաղության խաչմերուկը» փոխկապակցելու է ոչ միայն տարածաշրջանային երկրները, այլև արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին, Պարսից ծոցը՝ Սև ծովին, Միջերկրական ծովը՝ Կասպից ծովին», - ընդգծում է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

«Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար մենք առաջարկում ենք ստորև թվարկված չորս պարզ սկզբունքները, որոնք կերաշխավորեն հավակնոտ այդ նախագծի կենսունակությունը.

  1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
  2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
  3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
  4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ», - ասված է Վահան Կոստանյանի հոդվածում:

XS
SM
MD
LG