Մատչելիության հղումներ

Խաղաղությունն այս տարածաշրջանում շատ կարևոր է. Ստոլտենբերգ


Յենս Ստոլտենբերգը և Իլհամ Ալիևը, Բաքու, 17 մարտի, 2024թ.
Յենս Ստոլտենբերգը և Իլհամ Ալիևը, Բաքու, 17 մարտի, 2024թ.

Խաղաղապահներ, էներգետիկա և խաղաղություն հարևանի հետ

Երեկվանից մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հարավկովկասյան այցը: Բաքվում նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Քննարկվել են Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման, և, իհարկե, անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների «ամենաակտիվ մասնակիցներից մեկն է», «կարևոր դեր է կատարում Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը խթանելու գործում». այս թեզերն է հնչեցրել նախագահ Իլհամ Ալիևը Հյուսիսալտլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպմանը: Շարունակել է՝ 2020-ի պատերազմով «վերականգնելով տարածքային ամբողջականությունը» և անցյալ տարվա աշնանը հատուկ (Ալիևի խոսքով՝ «հակաահաբեկչական») գործողությամբ վերահաստատելով ինքնիշխանությունը՝ «երկիրը պատրաստ է հարևանի հետ խաղաղություն կնքել», ասել է նա:

«Մենք օգտագործել ենք պաշտպանվելու իրավունքը»

«Հակամարտությունը լուծվել է ռազմաքաղաքական եղանակով, մենք օգտագործել ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանւթյան իրավունքը, և այսօր մենք Հայաստանի հետ խաղաղության շուրջ ակտիվ բանակցությունների փուլում ենք»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ 28 տարվա ընթացքում բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն պատերազմից հետո ի հայտ է եկել խաղաղության հնարավորություն:

«Բայց հիմա Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման արդյունքում մենք շատ մոտ ենք, հուսով եմ՝ մոտ ենք այդքան սպասված խաղաղությունը կնքելուն»,- ասել է Ալիևը:

«Խրախուսում ենք օգտվել խաղաղության հնարավորությունից»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովեստով է խոսել ադրբեջանցի խաղաղապահների արդյունավետ առաքելությունների մասին, նշել է, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է և վերջիններից է հեռացել Աֆղանստանից:

Նա ասել է, թե Ադրբեջանը գազի մատակարարումներով նպաստում է ՆԱՏՕ-ի և այլ երկրների էներգետիկ անվտանգությանը:

Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդրին. «Խաղաղությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է ոչ միայն այդ տարածաշրջանի ժողովուրդների, այլև ավելի ընդարձակ առումով՝ Սև ծովի շրջանի և Հյուսիսատլանտյան անվտանգության համար»,- ասել է Ստոլտենբերգը:

«Հայաստանը և Ադրբեջանը հիմա ունեն երկարատև հակամարտությունից կայուն խաղաղության անցնելու հնարավորություն: Խրախուսում եմ ձեզ օգտվել այդ հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:

«Շնորհակալություն Ադրբեջանին»՝ Ուկրաինային օգնելու համար

Գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ռուսական ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չափազանց անհանգստացած են այդ շարունակվող պատերազմի հետևանքներով:

«Ես ողջունում եմ Ադրբեջանի կողմից Ուկրաինային աջակցելը: Մարդասիրական օգնությանը շատ անհրաժեշտ է, բայց ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ, քանի որ Ուկրաինայում իրավիճակը չափազանց ծանր է»,- ասել է Ստոլտենբերգը:

Բաքվից Թբիլիսի, վաղն էլ՝ Երևան

Ադրբեջան կատարած այցի ընյթացքում նա հանդիպել է նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զաքիր Հասանովի հետ:

Այցն ավարտվել է, Ստոլտենբերգը մեկնել է Վրաստան, վաղը նա կժամանի Հայաստան:

XS
SM
MD
LG