Մատչելիության հղումներ

Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանի ներգրավումը իր հակառուսական կուրսին. Զախարովա


Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանի ներգրավումը իր հակառուսական կուրսին, որպեսզի նախազգուշացնի Հայաստանին այդ ռիսկերի մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, մենք բավականին երկար ժամանակ է, ինչ տեսնում ենք այդ միտումը և խոսում ենք դրա մասին, մենք խոսում ենք, այդ թվում՝ շատ գաղտնի, մեր հայ գործընկերների հետ, միայն մեկ նպատակով՝ զգուշացնելու»,- ասել է նա։

Դիվանագետը հավելել է, որ Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, «նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել»։ Զախարովան, սակայն, չի բացատրել, թե ինչ միջոցների մասին է խոսքը։

Նրա խոսքով՝ Մոսկվան «անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն»։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել է, որ երկիրը գնում է տնտեսության, քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացման ճանապարհով՝ գործընկերներ ձեռք բերելով ոչ միայն Արևմուտքում, այլև Ասիայում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ արևմտյան երկրները չեն ստիպում Երևանին փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG