Մատչելիության հղումներ

«Հիմա քննարկում պետք է գնա, թե մեր Արծվաշենն ինչի հետ պիտի փոխվի». Գագիկ Մելքոնյան


Վիճահարույց տարածքների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներ են ընթանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որը գտնվում է իրենց տարածքում։ Ներկա դրությամբ Արծավշենը մերն է, որ գտնվում է իրենց տարածքում։ Քննարկումներ պիտի գնան, թե Արծվաշենը ինչի հետ պետք է փոխվի, այդ տարածքը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնը Տիգրանաշենը, հիմա գնում են քննարկումներ, մի՛ վռազեք», - նշեց իշխող ուժի ներկայացուցիչը։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Լրագրողի դիտարկմանը, որ այդ գյուղերով ենթակառուցվածքներ են անցնում, պատգամավոր Մելքոնյանն արձագանքեց. - «Ուրեմն, ենթակառուցվածքը դուք հասկանում եք՝ ասենք՝ Վերին Ոսկեպարը, Ոսկեպարի բանն էնպես է գծված, որ մեր տարածքից մինչև մյուս տարածք գնա, ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ»։

«Ազատության» հարցին, թե վարչապետը նախօրեին խոսել է 31 հայկական գյուղերի մասին, արդյոք այդ 4-ը 31-ի դիմաց են փոխանակվելու, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. - «Բա դա փոխանակվե՞լ է, թե՞ չէ։ Հիմա ոչ մի բան չի փոխանակվել... բա մեր ճանապարհները պիտի սարքենք»։

ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ զորքերի հետքաշման հարց չկա. - «Մեր զորքերը որտեղ կանգնած են, այնտեղ էլ մնալու են։ Երբ քննարկումները կավարտվեն, համապատասխան հանձնաժողվներ կան, որ աշխատում են, աշխատեն, վերջացնեն, ամեն ինչը պարզ կլինի արդեն այն ժամանակ»։

Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին՝ ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»։

Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ «Փաշինյանը ՀՀ ինքնիշխան տարածք» ասելիս մատնանշել էր երկրի քարտեզն ու Արծվաշենը։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Հայտարարությունը հաջորդել էր Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ի հանդիպմանը։

XS
SM
MD
LG