Մատչելիության հղումներ

Երևանը և Բաքուն համաձայնության չեն հասնում սահմանազատման սկզբունքների ու հաղորդակցությունների հարցերում


Երևանն ու Բաքուն համաձայնության չեն հասնում սահմանազատման սկզբունքների և տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերով։ Հայաստանը պնդում է՝ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում հայտարարել է՝ Բաքուն ոչ միայն դեմ է սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրով, այլև ընդդիմանում է, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները լինեն Երևանի ամբողջական հսկողության ներքո։

«Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա», - թուրքական լրատվամիջոցին ասել է օրերս Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցող Հայաստանի արտգործնախարարը։

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, անխոչընդոտ, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի Նախիջևան։ Ճանապարհների ապաշրջափակմանը Բաքվից դարձյալ անդրադարձան երեկ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայկական կողմին մեղադրեց ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

«Այն հանգամանքը, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստանձնած պարտավորություններին հայկական կողմը երեք տարի շարունակ ընդդիմանում էր հաղորդակցության ուղիների բացմանը, համաձայնության գալու նպատակով հարցի գործնական լուծման որևէ տաբերակ չէր առաջարկում, այլ ընդամենը հանդես էր գալիս մի շարք պոպուլիստական հայտարարություններով, տարածաշրջանում համագործակցությանը չնսպաստող գործոններից մեկն է», - ասել է Այհան Հաջիզադեն։

Երևան-Բաքու հրապարակային մեղադրանքները հաջորդում են բեռլինյան բանակցություններին։ Դրանց ավարտից հետո կողմերը առաջընթացի մասին չէին հաղորդել, հայտնելով՝ դեռ «բաց հարցեր» կան։

Բաքուն չի ցանկանում հստակություն մտցնել հարաբերություններում, որ Երևանից հետագայում էլ զիջումներ կորզի. քաղաքագետ

Ի՞նչ սպասել հայ-ադրբեջանական բանակցություններից, երբ կողմերը տևական ժամանակ է՝ առանցքային հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն. քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի կարծում, թե մոտ ապագայում առաջընթաց հնարավոր է՝ հաշվի առնելով Բաքվի հռետորաբանությունն ու կեցվածքը։ Շեշտում է՝ այս իրավիճակում՝ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորություն կա, բայց ոչ խաղաղության:

«Ադրբեջանը չի ցանկանում ինչ-որ հստակություն մտցնել Հայաստանի հետ հարաբերությունների մեջ, ցանկանում է պարզապես ստանալ Հայաստանից այդ փաստաթղթի ստորագրումը, որը կլեգիտիմացնի այս նոր ձևավորված ստատուս քվոն, և ապագայում արդեն հնարավորություն կստանա շարունակել օգտագործել այդ ուժային ճնշման գործիքակազմը այդ ուղղություններով իր համար նպաստավոր լուծումների հասնելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Ըստ քաղաքագետի՝ Բաքուն չի ցանկանում հստակություն մտցնել հարաբերություններում, որ Երևանից հետագայում էլ զիջումներ կորզի՝ խոցելի վիճակից օգտվելով։

«Վստահաբար եթե չկա համաձայնություն դելիմիտացիայի քարտեզների, սկզբունքների շուրջ, եթե չկա պայմանավորվածություն՝ ինչ տարբերակով են առաջ շարժվում, օրինակ՝ անկլավների հարցում, ապա այս բոլոր հարցերն ապագայում դառնալու են պոտենցիալ ինչ-որ էսկալացիայի աղբյուր, և դա է պատճառը՝ ինչու եմ ես նշում, որ այս կարևոր նույնիսկ կարևոր չէ՝ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, թե չի ստորագրվելու, որովհետև փաստացիորեն այդ խաղաղության պայմանագրով որևէ լուրջ հարցի լուծում չի տրվում», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

Չնայած կարևոր հարցերի շուրջ տարաձայնությանը, Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն կա։

«Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք», - ասել է Միրզոյանը։

Հայտնի չէ, թե երբ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարը հույս ունի՝ շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։

XS
SM
MD
LG