Մատչելիության հղումներ

Կիևը հաղորդում է ռուսական պարեկային նավ խոցելու մասին, ռուսները շարունակում են գրոհել


Ուկրաինա - Արտապատկերում «Սերգեյ Կոտով» պարեկային նավի խոցման տեսանյութից, 5-ը մարտի, 2024թ.
Ուկրաինա - Արտապատկերում «Սերգեյ Կոտով» պարեկային նավի խոցման տեսանյութից, 5-ը մարտի, 2024թ.

Ռուսական անօդաչուները կրկին հրթիռակոծել են ուկրաինական քաղաքները, արդեն որերորդ օրն է` թիրախում է Օդեսան, ուր անցած շաբաթ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել էր բնակելի թաղամասերից մեկին, զոհվել էր առնվազն 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա:

Ուկրաինացիներն իրենց հերթին հարվածներ են հասցրել բռնակցված Ղրիմի և սահմանակից Բելգորոդի մարզի ուղղությամբ։ Պաշտոնապես հաղորդվել է նաև, որ այս գիշեր ուկրաինական ծովային հեռակառավարվող սարքերը ոչնչացրել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Սերգեյ Կոտով» պարեկային նավը։ Ռուս բլոգերները հաստատել են նավի կործանման մասին տեղեկությունն ու անգամ տեսանյութ հրապարակել:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն այդպիսի 4 նավ ունի, որոնց անձնակազմը հասնում է 80-ի: Այդ մարդկանց ճակատագրի, ինչպես նաև նավի կործանման մասին պաշտոնական Մոսկվան որևէ բան դեռ չի հայտարարել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը, սակայն, «Ազատության» «Կրիմ. ռեալիի»-ի հետ զրույցում պնդել է՝ ռուսական կողմում կան զոհեր և վիրավորներ:

«Կան զոհեր և վիրավորներ: Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ անձնակազմի մի մասը կարող էր տարհանվել։ Հայտնի է, որ առնվազն 10-ից ավելի շտապօգնության մեքենաներ են բերվել ։ Այսինքն՝ տարհանման գործողությունը դեռ շարունակվում է», - ասել է Յուսովը:

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները նախատեսում էին այդ նավի վրա զենիթահրթիռային համակարգեր տեղադրել. - «Որքան քիչ նման նավեր, այնքան ավելի քիչ զենիթահրթիռային համակարգեր կտեղակայվեն դրանց վրա, և դա նշանակում է ավելի շատ հնարավորություններ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերի համար»:

Ավելի վաղ ՝ փետրվարի 14-ին Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր նաև Սևծովյան նավատորմի «Ցեզար Կունիկով» խոշոր դեսանտային նավը ոչնչացնելու մասին։

Չնայած ուկրաինական հատուկ ուժերի այս հաջողություններին՝ իրավիճակը ճակատում հօգուտ ռուսների է, նրանք շարունակում են գրոհել Զապարոժիեի, Խերսոնի, Կուպայնսկի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով:

«Ռուսական բանակը հավելյալ մարդուժ է տեղափոխում Նովոմիխայլովկան գրավելու համար», - հայտնում է ուկրաինական կողմը։ Պաշտոնական Կիևը միաժամանակ պնդում է, թե վերահսկում է իրավիճակը և անցած ժամերին հաջողել է կանխել ռուսական զորքերի առաջխաղացումը մի շարք ուղղություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG