Մատչելիության հղումներ

Ալիևը ԵԽԽՎ-ին և եվրոպական կառույցներին մեղադրել է «կողմնակալության» համար


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը շեշտել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո եվրոպական մի շարք կառույցներ լայնածավալ արշավ են սկսել Բաքվի դեմ»։

«Այս քարոզարշավը տարվում է նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչն անընդունելի է», - ասել է Ադրբեջանի նախագահը։

ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և պատվիրակությունն առնվազն մեկ տարով վտարվեց Վեհաժողովից: Բաքուն կառույցի անդամ է 2001-ի հունվարի 25-ից։

ԵԽԽՎ-ն իր այդ աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ նշեց, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։

Անցած տարվա սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց՝ շուրջ 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Ալիևը երեկ նաև ասել է, թե Բաքուն «միջազգային իրավունքի նորմերի համապատասխան է վերականգնել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»՝ շեշտելով՝ «նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դրականորեն չէր արձագանքում Բաքվի խաղաղ նախաձեռնություններին»։

Բաքուն մերժում էր եվրոպական հարթակներում բանակցությունները՝ հայտարարելով նաև, թե «Հայաստանը պետք է հայացքն ուղղի տարածաշրջան և շարունակի բանակցությունները Ադրբեջանի հետ»։ «Խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում, պարբերաբար հայտարարում են Բաքվից»՝ նաև շեշտելով՝ հենց Մոսկվան է լավագույն միջնորդը հայ-ադրբեջանական բանակցություններում։

XS
SM
MD
LG