Մատչելիության հղումներ

Գրոսսին մոտ օրերս կայցելի Ռուսաստան


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մոտ օրերս կայցելի Ռուսաստան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ Գրոսսին բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, նախատեսվում են նաև աշխատանքային խորհրդակցություններ Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ։

Ավելի վաղ Գրոսսին էր հայտարարել, որ մոտ օրերս ծրագրում է այցելել Ուկրաինա և Ռուսաստան և որ կարևոր է համարում Մոսկվայի և Կիևի հետ երկխոսության պահպանումը՝ չհստակեցնելով, թե ինչ ակնկալիքներ ունի Ռուսաստան այցից։

Ընդգծելով, որ «բազմիցս» է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, մեկ անգամ էլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նա ասել է, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը առանցքային դեր է խաղում «միջազգային խաղաղության և անվտանգության համար»։

Հաշվի առնելով պատերազմական վիճակն ու ատոմակայանի դիրքը միջուկային անվտանգության ռիսկերը պահպանվում են, հայտարարել էր Գրոսսին։

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։ Ռեակտորների կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի:

XS
SM
MD
LG