Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին պնդում է՝ «ականների հարցը լուրջ խնդիր է մնում»


Պաշտոնական Բաքուն շարունակում է շահարկել ականապատ դաշտերի քարտեզների թեման՝ շեշտելով, թե «ականների հարցը լուրջ խնդիր է մնում»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է՝ Երևանը «տարբեր պատրվակերով հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան իր հերթին ընդգծել է, թե «միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս Ադրբեջանին ներկայացնեն ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»։

«Օկուպացիայի գրեթե 30 տարիների ընթացքում Հայաստանի դրած ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիական և զինվորական անձանց կյանքի և առողջության համար», - հայտարարել է Ալիևան՝ նշելով, թե «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ի վեր ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 340 ադրբեջանցի»։

Հայկական կողմը դեռ չի արձագանքել։

Երեկ Բաքուն հաղորդել է, որ Աղդամում (Ակնա) ականի պայթյունից հերթական ադրբեջանցին է վիրավորվել։

44-պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։ Պաշտոնական Երևանն էլ այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

«Բաքուն ժխտում է Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթի», - հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG