Մատչելիության հղումներ

«Դրանք ճշգրիտ չեն»․ Բաքուն Երևանից ստացել է ականապատ դաշտերի 8 ձևաթղթերը


Հայաստանը ականապատ դաշտերի 8 նոր ձևաթղթեր է հանձնել Ադրբեջանին, հաղորդում է Ադրբեջանի ականազերծման ծառայությունը (ANAMA):

«Ներկայացված ձևաթղթերում հիմնականում Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի Մուրովդաղ լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին գրառումներ են», - ասված է հաղորդագրությունում։

Ընդգծելով, որ թղթերում, տեխնիակական կանոնակարգերի համաձայն, նշվում են ականների տեսակները, քանակը, ականների միջև հեռավորությունները՝ ծառայությունը հայտնել է, թե «ինչպես նախկինում, վերջին տվյալները ևս ճշգրիտ ու հավաստի չեն»։

«Ձևաթղթերի վերլուծությունները ցույց են տվել, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, իսկ կետերի կոորդինատները սխալ են», - նշել է ANAMA-ն։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հունվարին տեղեկացրել էր, որ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզների նոր ի հայտ եկած ութ տեղեկամատյաններ։

Ադրբեջանական կողմը, սակայն, այս հայտարարությանը կոշտ արձագանքեց՝ շեշտելով՝ ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները։ Բաքվից նաև նշել էին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո միջազգային ճնշման ներքո Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։

XS
SM
MD
LG