Մատչելիության հղումներ

Չի եղել բացարձակ ոչ մի վիճաբանություն. Սարամեջի վարչական ղեկավարը հերքում է ՔԿ-ին


Սարամեջում հանդիպումը, 18-ը մայիսի, 2023թ., Լոռի
Սարամեջում հանդիպումը, 18-ը մայիսի, 2023թ., Լոռի

Սարամեջի վարչական ղեկավարն ակնհայտ սուտ է որակում Քննչական կոմիտեի հաղորդումը, թե իր ամուսինը բռնության ենթարկվելուց առաջ վիճաբանել է։

«Դա միանշանակ սուտ է, սուտ ու սուտ, սխալ։ Դա իրենց կարծիքն է, իրենք են այդպես ուզել, այդպես գրել։ Չի համապատասխանում», - «Ազատությանն» ասաց նա։

Իրավապահների ձեռք բերած տվյալներով՝ Սպիտակի համայնքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, Թամարա Մինասյանի ամուսնու հետ վիճաբանել, հարվածել ու մարմնական վնասվածքներ է պատճառել։

«Չի եղել բացարձակ ոչ մի վիճաբանություն։ Դա կասի վարորդը՝ Էդգարը, խանութի երկու աշխատող եղբայրները», - նշեց նա։

Արդեն հաստատվել է՝ Էդգար Հովհաննիսյանն ուղեղի ցնցում է ստացել, բուժվում է։ Բժիշկները պարզում են՝ գլխուղեղին այլ վնաս հասցվե՞լ է, թե՞ ոչ։ Երեկ քրեական գործ էր հարուցվել վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու հոդվածով։

Գոռ Նիկողոսյանը ներկայացել է Ոստիկանություն, ցուցմունք տվել, թե ինքն է հարվածել Հովհաննիսյանին անձնական հարցերի շուրջ վիճաբանելուց հետո։ Նա ձերբակալված է, բայց մեղադրանք չի առաջադրվել, հայտնի չէ՝ կկալանավորվի, թե ոչ։ Բայց տուժող կողմը պնդում է՝ քննիչներն արդեն գործը կոծկելու միտում ունեն։ Ասում են՝ դեպքը տեղի է ունեցել Սպիտակում, ոչ թե Սարամեջում, ինչպես Քնչականն է հայտնում։

«Ուրեմն իրենց թեթև ձեռքով ծածկադմփոց են արել, լավ են արել, դե ուրեմն մենք էլ կդիմենք Երևան։ Պետք է բարձր տեղ դիմենք, կդիմենք, եթե դա են ուզում, այդպես կանենք։ Այսինքն՝ այստեղ իրար մեջ ինչ պետք էր, հարցերը լուծեցի՞ն, պրծա՞ն»։

Երեկ ինքը՝ տուժած Էդգար Հովհաննսիյանն «Ազատությանն» ասել էր, թե չի տեսել՝ ով է բազմաթիվ հարվածներ հասցրել իրեն, չգիտի՝ հարվածողը մենակ է եղել, թե խմբով, անգամ ասել էր, թե կասկածներ չունի՝ ինչու են որոշել ծեծել իրեն։

Այսօր Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ «քննչական գործողությունները շարունակվում են, տրվել է հանձնարարություն՝ դեպքին այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ»։ Ընդ որում, պաշտոնապես հայտնել են, որ «իրականացված քննչական գործողությունների ընթացքում դեպքի վայրում տեսախցիկներ առկա չեն եղել»։

Սարամեջի վարչական ղեկավարն իրավապահների այս պնդումը տարօրինակ է համարում. - «Դիմացը եղել է դեղատուն, եղել են վիդեոզապիսներ, տեսախցիկներ էլ եղել են։ Եթե իրենք չեն ուզում պարզաբանեն, ես ի՞նչ կարամ անեմ, այսինքն՝ կարեցան ամեն ինչ տեղը տեղին դասավորեն»։

Սպիտակի համայնքապետի ու համայնքի մեջ մտնող Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի միջև օրեր առաջ էին հակասություններ առաջացել։ Երկու տարի առաջ ընտրված համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը սրտնեղել էր, թե գյուղի բնակիչները հաճախ են իր մոտ գնում, հանդիպում պահանջում ու հարցեր բարձրացնում։ Կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին, թե աշխատանքից հեռանալու մի դիմում գրի, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջև։

Մի խումբ գյուղացիների պահանջով համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը գյուղ եկավ՝ բնակիչների հետ հանդիպելու, որտեղ նշեց, թե կարծիքները լսեց, կգնա, որոշում կկայացնի՝ վարչական ղեկավարը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ։

«Մենք վարչական ղեկավարի հետ առանձին զրույց կունենանք։ Եթե այս պայմաններին, ձեր պահանջներին համապատասխան չի աշխատի, ես նորից կդիմեմ և իրեն, կորոշենք ընդհանուրով՝ որ ճանապարհն ենք ընտրում», - խոստացել էր նա։

Երկու օր անց ծեծեցին վարչական ղեկավարի ամուսնուն, ձերբակալվեց համայնքապետի որդին։ Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներն այսօր այդպես էլ չպատասխանեցին «Ազատության» զանգերին։ Հրաժարվեցին խոսել նաև երեկ. համայնքապետարանի բակում տեղակալ Արտակ Մաթոսյանը զրուցում էր ոստիկանի հետ։ «Ազատության» տեսախցիկը տեսնելուն պես ներս մտավ ու հեռացավ տեսադաշտից։ Աշխատասենյակների դռները փակ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG