Մատչելիության հղումներ

Ծեծելու կասկածանքով ձերբակալված Սպիտակի ղեկավարի որդին ազատ է արձակվել


Սպիտակ համայնքի ղեկավարի որդին ազատ է արձակվել։ Երեք օր առաջ նա ձերբակալվել էր նույն համայնքի բնակավայրերից մեկի՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու կասկածանքով։ Տուժողը՝ Էդգար Հովհաննիսյանն, ուղեղի ցնցում էր ստացել։

Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու հոդվածով։ Այսօր կոմիտեից «Ազատությանն» առանց հստակ մանրամասների հայտնեցին, թե քննչական գործողությունները շարունակվում են։

«Գոռ Նիկողոսյանն այս պահին արգելանքից ազատ է արձակվել, քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել։ Նախաքննության շրջանակներում վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դեպքի վայրում իրականացված քննչական գործողությունների ընթացքում կոնկրետ նշված տարածքում տեսախցիկներ առկա չեն եղել», - փոխանցեցին ՔԿ-ից։

Սարամեջի վարչական ղեկավարի ամուսինը՝ տուժող Էդգար Հովհաննիսյանն օրեր առաջ հրաժարվել էր դեպքից մանրամասներ հայտնել։ «Ոչինչ չեմ հիշում, առաջին հարվածից ուշագնաց եմ եղել», - պնդում էր Հովհաննիսյանը։ Այսօր ևս քննությունը թողեց իրավապահներին, որոնք որևէ նոր բան չեն հայտնում ու շարունակում են պնդել, որ տեսախցիկներ չեն եղել դեպքի վայրում, որտեղ «Հայ փոստի» գրասենյակ է, դեղատուն ու մթերային խանութ։

«Ես չեմ հիշում։ Ինչի՞ց վախենամ։ Ես չեմ տեսել՝ ով է եղել, ինչ է եղել։ Թող համապատասխան մարմինները իրենց գործով զբաղվեն, ես էլ իմ առօրյա կյանքով զբաղվեն», - ասաց նա։

Այսօր Սարամեջի գյուղապետարանում ոստիկաններ կային։ Ասացին՝ դեպքի առիթով չեն եկել։ Պետական գործ ունեն։

Քիչ անց հայտնի դարձավ, որ օրեր առաջ «Ազատությանը» հարցազրույց տված սարամեջցի Հայկ Կարապետյանին են Քննչական կոմիտեի Սպիտակի բաժին կանչել զրուցելու։ Նա պնդել էր, թե Սպիտակ համայնքի ղեկավարի որդին Էդգար Հովհաննիսյանին միայնակ չի ծեծել, թեև միակ կասկածյալն է. - «Ես ինչ գիտեմ, էն էլ ասում եմ։ Իրենք ինձնից լավ գիտեն, ինձ ի՞նչ պիտի հարցնեն։ Եթե մտնես տուն, էդ մարդը ծեծված է, այսինքն՝ էտի մի հոգու ծեծվա՞ծ է»։

Սպիտակի համայնքապետարանում էլ շարունակում են հրաժարվել մեկնաբանությունից։ Լրատվականից ասացին՝ համայնքի ղեկավարը չի խոսի, քանի դեռ քննչական գործողությունները չեն ավարտվել։ Համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն էլ նշեց, թե տեղեկություններ չունի. - «Չեմ հետաքրքրվել, ինձ հետաքրքիր չի, չեմ էլ ուզում իմանալ»։

Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ միակ կասկածյալի՝ Գոռ Նիկողոսյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, թե ոչ։ Թեև հայտնի է, որ նա դեպքի հաջորդ օրը ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել մեղքը, թե ինքն է ծեծի հեղինակը։ Մշուշոտ են անգամ դեպքի ականատեսների հայտարարությունները։ Այսօր մթերային խանութի սեփականատերը հերքեց, թե իր խանութի մոտ միջադեպ է եղել։ Հաստատեց՝ դեպքի հաջորդ երկու օրերին խանութը փակ է եղել։ Գյուղացիների հավաստմամբ՝ ոստիկանների քննչական գործողությունների պատճառով են փակել, սեփականատերը մինչդեռ հրաժարվեց հարցազրույցից ու նշեց, թե իրենք անձնական գործեր ունեին, երկու օրով դադարեցրել էին աշխատանքը։

XS
SM
MD
LG